Դատախազության, ոստիկանության, արդարադատության համակարգի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ Աղվերանում մեկնարկել է «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Աշխատանքային քննարկումը բուռն է ընթանում: Լրագրողներին հիմնականում հուզում է այն հարցը, թե ինչու են իրենք հանդիպում խոչընդոտների` իրավապահ մարմիններից տեղեկատվություն պահանջելիս: Գլխավոր դատախազության Մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը ներկայացրեց տեղեկատվություն ստանալու հնարավորություններին առնչվող՝ հայաստանյան և միջազգային իրավական դաշտը:
«Եթե պետական աշխատողի աշխատանքը ստվերային է, անգամ եթե այդ աշխատանքը լավագույնն է, միևնույն է, տվյալ պաշտոնյային հասարակությունը չի վստահի, որովհետև իր համար այդ պաշտոնյայի գործունեությունն անորոշ է»,- նշեց Դավթյանը` կարևորելով տեղեկատվության ազատության իրավունքը: Միաժամանակ նա հիշեցրեց տեղեկատվություն տրամադրելու սահմանափակումների մասին, որոնք առնչվում են մի շարք խնդիրների, այդ թվում նախաքննության գաղտնիքի հետ:
Այս հարցի շուրջ իրավապահ համակարգի ներկայացուցիչների և լրագրողների միջև բուռն քննարկում ծավալվեց. Լրագրողները դժգոհեցին, որ հաճախ իրավապահներն ինֆորմացիա չեն տրամադրում` ասելով, թե դա պայմանավորված է նախաքննության գաղտնիության անհրաժեշտությամբ, ինչը, սակայն, միշտ չէ, որ արդարացված է: Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ նշեցին, որ կան շատ նրբություններ, որոնք իսկապես նախաքննության մարմնի համար գաղտնիություն են պարունակում: Խնդրի լուծման համար առաջարկվեց ստեղծել մի ուղենշային փաստաթուղթ, թե որ դեպքերում ինֆորմացիա չտրամադրելը կարող է պայմանավորված լինել նախաքննություն գաղտնիության հետ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ քննարկման նպատակը պետական կառույցների և լրատվամիջոցների միջև երկխոսությանը նպաստելն է:«Լրագրողները միշտ ասում են՝ պաշտոնյաները մեղավոր են, չեն տվել տեղեկատվությունը ժամանակին, պաշտոնյան էլ ասում է` լրագրողը մեղավոր է, այդ ինֆորմացիան հրապարակեց և նախաքննությունը ձախողվեց»,- ասաց նա ավելացնելով, որ քննարկումն ուղղված է երկու կողմերի միջև համագործակցային խնդիրների լուծմանը:
Աղբյուրը` tert.am