Մարզային 70 և երևանյան 20 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 135 ներկայացուցչիներ մասնակցել են հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 24-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված «Տեղեկատվության ազատություն և բյուջեի հանրային վերահսկողություն» դասընթացներին։ Եռօրյա դասընթացները նախատեսված էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական նախաձեռնությունների համար:
Դասընթացների նպատակն էր բարձրացնել ՔՀԿ-ների՝ բյուջետային ծախսերի վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ իրազեկության մակարդակն ու զարգացնել վերահսկողական ծրագրեր անելու հմտությունները: Դասընթացներն իրականացվում էին «Իրազեկ Հայաստան. տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի կրթական բաղադրիչին մասնակցած բոլոր կազմակերպություններն առաջիկայում ստացած գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն կստանան։ ԻԱԿ-ը նոյեմբերի 23-ին հայտարարել է փոքր ենթադրամաշնորհների առաջին փուլի մասին, որոնք ուղղված կլինեն բյուջետային ծախսերի քաղաքականության մշտադիտարկման և լուսաբանման ծրագրերի իրականացմանը: