Ծրագրեր

Ծրագրեր

77. ՏՎԽ կարծիք. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ընդդեմ լրատվամիջոցների

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

77. ՏՎԽ կարծիք. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ընդդեմ լրատվամիջոցների

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ դեկտեմբերի 30, 2021 թ.

Գործերի հանգամանքները

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծվել է ՀՀ կառավարության որոշումով 2019 թվականին։ Ֆոնդի հիմնական շահառուն ՀՀ կառավարությունն է, իսկ գործունեության նպատակը` օտարերկրյա ներդրումների ներգրավումը, արտահանման աճի խթանումը և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Ֆոնդն իր կայքում նշել է, որ հավատարիմ է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին:

2021 թվականի ընթացքում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն դատական 5 հայց է ներկայացրել hraparak.am և 168.am առցանց լրատվամիջոցների հիմնադիրների դեմ։ Հարուցված բոլոր վարույթներն ընթացքի մեջ են Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Ստորև ներկայացնում ենք տեղեկություններ այդ դատական գործերի մասին։

Դատական գործ 1

Հունվարի 25-ին Ֆոնդը ներկայացրել է գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարելու պահանջներով հայցադիմում՝ ընդդեմ լրագրող Օլեգ Սաֆոնովի և «168 ժամ» ՍՊԸ-ի (դատական գործ թիվ ԵԴ/2354/02/21)։ Հայցի առիթը 2020թ․դեկտեմբերի 31-ին «168.am» կայքում Օլեգ Սաֆոնովի հեղինակությամբ հրապարակված հոդվածն է՝ «2022թ․էլեկտրաէներգիայի սակագների սպասվող կտրուկ աճի և արևային էլեկտրաէներգետիկայի զարգացման կոռուպցիոն ռիսկերի մասին. ինչո՞ւ են լռում բոլորը» վերնագրով։

Հայցադիմում ներկայացնելիս Ընկերությունը միջնորդել է դատարանին 3 մլն դրամի չափով արգելանք կիրառել լրագրողի և լրատվամիջոցի գույքի և դրամական միջոցների վրա։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն, և արգելանք է կիրառվել միայն գույքի վրա։ Լրատվամիջոցի հիմնադիրը բողոքարկել է այս որոշումը՝ խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցը։ Դատարանը 2021թ մարտի 9-ին բավարարել է բողոքը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ դրամական միջոցի վրա արգելանք դնելը կարող է խախտել լրատվամիջոցի բնականոն գործունեությունը։ Սակայն բերված պատճառաբանությունը չի հիմնավորվել փաստերով։

Հայցվորն այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ մատնանշելով հենց առանց փաստեր վկայակոչելու եզրահանգման գալու հանգամանքը։ Ֆոնդը նաև պնդել է, որ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել իր փաստարկին առ այն, որ «ընկերության դրամական միջոցների վրա արգելանք դնելու փաստը որևէ կերպ չի կարող կապվել տեղեկատվություն հավաքագրելու, ստանալու, փնտրելու, տարածելու ԶԼՄ-ների պարտավորության կատարման հետ և խոչընդոտներ ստեղծել դրա համար»։ 2021 թվականի մայիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է Ֆոնդի բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի կայացրած որոշումը, և արդյունքում լրատվամիջոցի գույքը արգելանքի տակ է մնացել։ Ընդ որում՝ սույն որոշումը ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Գործով քննությունը շարունակվում է, հաջորդ դատական նիստը նշանակված է 2022 թվականի փետրվարի 3-ին։

Դատական գործ 2

Մայիսի 13-ին Ֆոնդը ներկայացրել է հայցադիմում ընդդեմ «168 Ժամ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարելու պահանջներով։ Հայցի առիթն է ապրիլի 12-ին 168․am կայքում հրապարակված՝ «Ներդրումներին սպասելիս» հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ խոստացված ներդրումները ֆոնդը չի կատարում, փոխարենը կառավարությունն այդ ՓԲԸ-ին մեծ դրամաշնորհներ է հատկացրել՝ առանց մրցույթ կազմակերպելու։ Հուլիսի 6-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ (դատական գործ թիվ ԵԴ/21745/02/21):

Հայցադիմումի հետ միասին Ֆոնդը ներկայացրել է միջնորդություն՝ նշված գումարի չափով սահմանել արգելանք լրատվամիջոցի գույքի և դրամական միջոցների վրա։ Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ հայցվորը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել առ այն, որ արգելանք չկիրառելու դեպքում կդժվարանա կամ անհնարին կլինի կատարել ապագայում կայացվելիք դատական ակտը։ Քննությունը շարունակվում է։ Առաջիկա դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Դատական գործ 3

Օգոստոսի 2-ին Ֆոնդը և դրա գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել են հայցադիմում Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 3 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարելու պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/33818/02/21)։ Հայցի առիթը հուլիսի 24-ին «Hraparak.am» կայքի՝ «Պետական հետաքրքրությո՞ւն, թե՞ մի խումբ մարդկանց բիզնես» հոդվածն է, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ Դավիթ Փափազյանն ինքնազրույց է հրապարակել՝ հարցուպատասխանի ձևով անդրադառնալով «Էյր Արաբիա» ընկերության հետ հուլիսի 14-ին կնքված գործարքին: Այնուհետև լրագրողը միտք է արտահայտել, թե՝ «Պետությունը ներդրում է կատարում, բիզնեսմենը փողը գրպանն է դնում…»։

Հայցադիմումի հետ Ֆոնդը նաև միջնորդություն է ներկայացրել՝ լրատվամիջոցի և լրագրողի գույքի ու դրամական միջոցների վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք սահմանել։ Միջնորդությունը դատարանը մերժել է։ Այդ որոշումը Ֆոնդը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Հոկտեմբերի 20-ին այս ատյանը մերժել է բողոքը։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկուն չի հիմնավորել, որ արգելանք չկիրառելու դեպքում առկա է վտանգ, որ պատասխանողները կարող էին օտարել իրենց գույքը և դրանով խոչընդոտներ ստեղծել կայացվելիք դատական ակտի կատարման համար։ Այս ատյանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Սույն գործով դատական քննությունը շարունակվում է։ Առաջիկա նիստի օր դեռ չի նշանակվել։

Դատական գործ 4

Օգոստոսի 2-ին Ֆոնդը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարելու պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/33821/02/21)։ Հայցի առիթը հուլիսի 17-ին «Hraparak.am» կայքի՝ «Որքա՞ն աշխատավարձ է ստացել ֆոնդի տնօրենը 2 տարի ոչինչ չանելու համար» հոդվածն է։

Դատարանը օգոստոսի 10-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և մերժել է հայցվորի միջնորդությունը պատասխանողների գույքի և դրամական միջոցների վրա 2 միլիոն դրամի չափով արգելանք կիրառելու միջնորդությունը։ Ֆոնդը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը հոկտեմբերի 29-ին մերժվել է։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր որոշման մեջ համաձայնություն է արտահայտել առաջին ատյանի դատարանի եզրահանգման հետ առ այն, որ հայցվորը չի հիմնավորել, որ պատասխանողները կարող էին օտարել իրենց գույքը կամ դրամական միջոցները, ինչի արդյունքում կխոչընդոտեին կամ անհնարին կդարձնեին վճռի կատարումը։ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Գործով դատական քննությունը շարունակվում է: Առաջիկա նիստի օր դեռ չի նշանակվել։

Դատական գործ 5

Հոկտեմբերի 20-ին Ֆոնդը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ՝ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և 2 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարելու պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/47388/02/21)։ Հայցի առիթը «Hraparak.am» կայքում սեպտեմբերի 28-ին հրապարակված «Ազգային ավիափոխադրողի ստեղծումը առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերնագրով հարցազրույցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Վերջինս իր խոսքում կարծիք է արտահայտել հայցվոր Ֆոնդի կողմից հուլիսի 14-ին կնքած մի պայմանագրի վերաբերյալ, որով արաբական «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրողի կարգավիճակ է տրվել։ Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանն ասել է, որ գործարքը թափանցիկ չէ հանրության համար և կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում։ Դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացրել։ Գործով դատական քննությունը դեռ չի սկսվել։

Եզրակացություն

Հրապարակումների բովանդակային վերլուծությունը

Ուսումնասիրելով վերոնշյալ նյութերը՝ Խորհուրդը եզրակացրեց, որ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դատական գործերի հիմք դարձած հրապարակումներում առերևույթ բացակայում է որևէ վիրավորական, արատավորող բնույթի բառ կամ արտահայտություն։ Ավելին՝ չկա անհարկի ագրեսիա և նսեմացնող լեզվաոճ, որը հաճախ հանգեցնում է դատական վեճի։

Հրապարակումներում հեղինակները ընդհանուր առմամբ հարցականի տակ են դնում Ֆոնդի գործունեության արդյունավետությունը, ու դա հիմնավորում են փաստերով, մասնավորապես՝ խոշոր ներդրողների ներգրավման, ներդրումային հոսքերի, ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությամբ, ինչպես նաև Ֆոնդի կայքում զետեղված տվյալների մի շարք անճշտություններով, այդ թվում՝ նշված հեռախոսահամարներով կապ հաստատելու անհնարինությամբ։ Քննադատության է ենթարկվում նաև Ֆոնդի պաշտոնատար անձը՝ այսպես կոչված «ինքնազրույցի» հրապարակման եղանակով հանրությանը ներկայանալու համար, ինչը հետադարձ կապի հնարավորություն չի տալիս, մանավանդ՝ հեռախոսահամարների անհասանելիության պայմաններում, և չի ստացվում շփվել հանրային գործունեության հայտ ներկայացրած կազմակերպության հետ։

Հոդվածագիրները մտահոգություն են արտահայտում նաև մի շարք այլ խնդիրների վերաբերյալ՝ նույնպես ներկայացնելով փաստեր։ Մասնավորապես՝ բարձրացվում է ՀՀ կառավարության կողմից Ֆոնդին առանց մրցույթի խոշոր դրամաշնորհներ հատկացնելու հարցը («ՀՀ ներդրումների և արտահանման խթանման» ծրագրի իրականացման համար նախատեսվող 1072.1 մլն դրամից 240 միլիոնը տրամադրվել է այդ ՓԲԸ-ին՝ առանց մրցույթի)։ Ընդ որում՝ այդպիսի մեծածավալ հատկացումների ֆոնին ուշադրություն է հրավիրվում Ֆոնդի համեմատաբար ցածր ցուցանիշների և անհամաչափ բարձր աշխատավարձերի և այլ նմանատիպ խնդիրների վրա։ Այս ամենը միանգամայն տեղավորվում է պատասխանատու լրագրության շրջանակներում։

Զուրկ չէ փաստական հիմքերից նաև այն գնահատականը, որ որոշ գործարքներ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր (տե՛ս «2022թ․ էլեկտրաէներգիայի սակագների սպասվող կտրուկ աճի և արևային էլեկտրաէներգետիկայի զարգացման կոռուպցիոն ռիսկերի մասին․ ինչո՞ւ են լռում բոլորը» հոդվածը)։ Մասնավորապես՝ այստեղ հեղինակը հարց է բարձրացրել, թե ինչու՞ է ՀՀ կառավարությունը խոշոր պայմանագիր ստորագրել առանց մրցույթի ընտրված Master Clean Energy ընկերության հետ, որից պետական գնումներն իրականացվել են ավելի բարձր գներով, քան միջազգային շուկայում գործող գներն էին։ Ընդ որում՝ վերջինները հետագայում նվազել են մոտ 30 տոկոսով, ինչը նշանակում է՝ եթե հաղթող կազմակերպությունը ընտրվեր մրցույթով, հնարավոր է, որ պետական գնումները կատարվեին ավելի ցածր գնով։

Խորհրդի գնահատմամբ՝ հրապարակված տեղեկությունները և վերլուծությունները առերևույթ զրպարտող կամ վիրավորական չեն։ Ավելին՝ ոչինչ չի վկայում, որ այս թեմային վերաբերող լուսաբանումներն իրականացվել են անբարեխղճորեն, Ֆոնդի գործարար համբավը կամ պաշտոնատար անձի արժանապատվությունը նսեմացնելու անթաքույց մտադրությամբ։ Ուշագրավ է, որ առաջին դատական գործով վիճահարույց հոդվածի վերջում հեղինակը ոլորտի պատասխանատուներին առաջարկում է՝ եթե կան անհամաձայնություններ ներկայացված փաստերի, վերլուծության և այլ հարցերի շուրջ, արձագանքել մասնագիտական մակարդակում։ Դա ևս պատասխանատու լրագրության դրսևորում է։ Եվ վերջապես, ինքնին այն հանգամանքը, որ Ֆոնդն իր կայքում նշել է, որ իր հիմնական սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հրապարակայնությունն է, պարտավորեցնում է իր հանրային գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննությունների նկատմամբ ցուցաբերել առավել զսպվածություն և հանդուրժողականություն։

Ի տարբերություն առաջին չորս դատական գործերի առիթ դարձած հոդվածների, հինգերորդ հայցի դեպքում վիճարկվող հրապարակումը հարցազրույց է, որտեղ լրագրողի զրուցակիցը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ներկայացրել է իր քննադատական նկատառումները օտարերկրյա ավիաընկերությանը ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տալու, դրանում վերոհիշյալ Ֆոնդի դերակատարության ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

Խորհուրդն արդեն մի քանի առիթ է ունեցել շեշտելու, որ լրատվամիջոցը կամ լրագրողը չի կարող պատասխանատվություն կրել այլոց արտահայտած կարծիքների ու գաղափարների համար։ Մասնավորապես, անընդունելի է հարցազրույցում հնչեցված հրապարակային հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկել լրագրողին, որն ընդամենը վարել է զրույցը և որևէ կապ չունի վիճարկվող արտահայտությունների հետ։ Այդ առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «լրագրողին պատասխանատվության ենթարկելը այն բանի համար, որ նա հարցազրույցի եղանակով օգնել է տարածելու այլ անձի հայտարարությունները, լրջորեն կվնասի հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման համար մամուլի դերակատարմանը, և նման պատասխանատվություն չի կարելի սահմանել, քանի դեռ դրա համար առկա չեն առանձնահատուկ հիմնավոր պատճառներ»(Տե՛ս RINGIER AXEL SPRINGER SLOVAKIA, A.S-ն ընդդեմ Սլովակիայի (4), թիվ 26826/16, 23/09/2021, կետ 38:): Դատելով հարցազրույցի բովանդակությունից, որևէ հիմնավոր պատճառ չկա որոշելու համար, որ լրագրողը թույլ է տվել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված վիրավորական կամ զրպարտող բնույթի արտահայտություն։

Լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունում

Խորհուրդը նշում է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ընդդեմ լրագրող Օլեգ Սաֆոնովի և «168 ժամ» ՍՊԸ-ի գործով պատասխանողի գույքի վրա արգելանք դնելու որոշման մեջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բոլորովին չի անդրադառնում ԶԼՄ-ի առաքելությանն ու դրա առանձնահատկություններին։ Փաստորեն անտեսվել է, որ պատասխանողը լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ է, որը տարածում է հանրային նշանակության տեղեկություններ ու գաղափարներ, ինչը պահանջում է, որ դատական ակտի իրավաչափությունը գնահատվի նաև հասարակական շահի լույսի ներքո։ Այս հանգամանքները ընդհանրապես քննությանն առարկա չեն դարձել դատարանի կողմից։ Ընդհակառակը, վերաքննիչ ատյանի դատական ակտը ընթերցելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դատարանը ԶԼՄ-ին դիտարկել է որպես սովորական տնտեսվարող սուբյեկտ՝ առանց հաշվի առնելու գործունեության հանրային նշանակությունը, ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցների դերը։ Սույն հանգամանքը Խորհրդի համար առանցքային է որոշելու համար, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021թ. մայիսի 13-ի որոշումն անիրավաչափ է։ Այս ակտը տարակուսանք է առաջացնում նաև այն պատճառով, որ հայցվորի կողմից ներկայացված համանման պահանջների այլ դեպքերում դատարանը կայացրել է ճիշտ հակառակ որոշումներ, ինչը կներկայացնենք ստորև։

Լրատվամիջոցի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու խնդիրը

Խորհուրդը խնդրահարույց է համարում, որ վերոհիշյալ դատական գործով լրագրողի և լրատվամիջոցի գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ հայցվորի բողոքը բավարարելիս Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ պատասխանողը չի հիմնավորել, որ այդ արգելանքը կարող է խոչընդոտել լրատվամիջոցի գործունեությունը։ Թեև բողոքը բերվել էր հայցվորի կողմից, Վերաքննիչ դատարանը ապացուցման բեռը դրել է պատասխանողի վրա՝ անտեսելով, որ բողոքաբեր Ֆոնդը նույնպես չէր հիմնավորել, որ առանց արգելանք սահմանելու լրատվամիջոցը կարող էր խոչընդոտել վճռի կատարումը, օրինակ, օտարելով իր գույքը և դրամական միջոցները։ Նույնանման պարագայում, երրորդ դատական գործով, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ համոզիչ չէր հայցվորների պնդումը, թե պատասխանողները կարող էին օտարել իրենց պատկանող գույքը, ներառյալ դրամական միջոցները՝ դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու նկատառումներով, քանի որ «պատասխանողներից առնվազն մեկը զանգվածային լրատվությամբ զբաղվող ընկերություն է և անտրամաբանական կլիներ, որ վերջինս օտարեր իր գույքը կամ դրամական միջոցները հնարավոր վճռից խուսափելու համար»:

Խորհրդի համար առնվազն տարակուսելի է, որ մի դեպքում Վերաքննիչ դատարանը գույքի վրա արգելանք դնելու մասին Ֆոնդի դիմումը անհիմն ու անտրամաբանական է համարել, իսկ մեկ այլ դեպքում, ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ, նույն ատյանը հիմնավոր է համարել լրատվամիջոցի գույքի նկատմամբ արգելանքի սահմանումը։ Այս հակասությունը վկայում է վերջին դատական ակտի անիրավաչափության մասին։

Արգելանքների մասին հայցվորի կրկնվող միջնորդությունները

Խորհուրդը անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև Ֆոնդի կողմից բոլոր գործերով պատասխանող լրատվամիջոցների և լրագրողների գույքի և ֆինանսական միջոցների վրա արգելանք կիրառելու միջնորդությունների համառորեն կրկնվող պրակտիկային։ Հասկանալի է, որ հայցվորը մասնավոր ընկերություն է և ունի որոշումներ կայացնելու լիիրավ ինքնավարություն։ Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ Ֆոնդը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից, որին այդ ընկերությունը համարում է իր միակ շահառուն և որի միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը։ Ավելին՝ Ֆոնդը հայտարարել է, որ իր ջանքերն (այսինքն՝ գործունեությունը) ուղղված են հայ ժողովրդի, երկրի ու ներդրողների ընդհանուր շահերի պաշտպանությանը։ Այլ կերպ ասած՝ Ֆոնդը իրականացնում է հանրային բնույթի գործունեություն։

Այս հանգամանքում Խորհուրդը գտնում է, որ Ֆոնդի որդեգրած վարվելակերպը, ըստ որի բոլոր դատական գործերով պահանջ է ներկայացվում լրատվամիջոցների և լրագրողների դեմ կիրառել հայցի ապահովման առավել խիստ միջոցներ, համահունչ չէ այդ ընկերության հանրային գործունեության հետ։ Քանի որ Ֆոնդը սերտորեն փոխկապակցված է կառավարության հետ և հանրության կողմից նույնացվում կամ ընկալվում է որպես գործադիր իշխանության մաս, այս հանգամանքը ենթադրում է, որ կազմակերպությունը պետք է ցուցաբերի զսպվածություն նույն հանրային շահը սպասարկող լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելիս։ Հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ իր կրկնվող ու նույնաբովանդակ միջնորդություններով Ֆոնդը ոչ թե ձգտում է միջոցներ ձեռնարկել դատական ակտի կատարման հնարավորությունը ապահովելու ուղղությամբ, այլ ցանկանում է պատժել ԶԼՄ-ներին ու լրագրողներին նրանց հրապարակած հոդվածների համար, ինչն անհարիր է հանրային գործունեության հայտ ներկայացրած կառույցին։

Փոխհատուցման անհամաչափ պահանջներ

Խորհուրդը նաև անընդունելի է համարում, որ բոլոր դատական գործերով Ֆոնդը հայցել է վիրավորանքի ու զրպարտության համար օրենքով սահմանված դրամական հատուցման առավելագույն չափերը։ Այդ հանգամանքը ևս ցույց է տալիս, որ այս կառույցի հայցերը առավելապես միտված են ոչ թե արդյունավետ իրավական պաշտպանություն ստանալուն, այլ լրատվամիջոցների պատժելուն։ Մինչդեռ՝ յուրաքանչյուր դատական գործ յուրահատուկ է իր փաստերով, հանգամանքներով ու իրավունքին վերաբերող հարցերով, և դրամական փոխհատուցման չափերն էլ յուրաքանչյուր դեպքում պետք է օբյեկտիվորեն տարբերվեն։

 Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

 

Skip to content