ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ փորձագիտական եզրակացությունը
Ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մի շարք հոդվածների՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի դիմումի վերաբեյալ
2012 թ. հուլիսի 12-ին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր Տեղեկատվական վեճերի խորհրդին` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի 2012թ. մայիսի 4-ի «Բենզին Ռուբոն եւ Անահիտ Բախշյանը», հունիսի 15-ի «Ժառանգության» կոնսպիրատորը» եւ հուլիսի 5-ի «Ովքե՞ր են անկյուն մտածները» հոդվածների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու կապակցությամբ։ Մասնավորապես, տիկին Բախշյանի պնդմամբ, հոդվածները պարունակում են վիրավորանք եւ զրպարտություն իր անձի նկատմամբ, եւ տիկին Բախշյանը ՏՎԽ-ին խնդրում էր իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար տարբերակներ առաջարկել, քանի որ չէր ցանկանում վեճը լուծել դատական կարգով։
Դիտարկելով վիճարկվող հոդվածները՝ ՏՎԽ-ն եզրահանգեց, որ վեճը դատական հեռանկար չունի, իսկ ՏՎԽ-ի հիմնական առաքելությունն է՝ նպաստել տեղեկատվական վեճերով դատական գործերում օրենքի միատեսակ կիրառմանը։ ՏՎԽ-ը նաեւ գտավ, որ նշված վեճն առավելապես գտնվում է մասնագիտական էթիկայի հարթության վրա եւ, մասնավորապես, հաշվի առնելով, որ հրապարակումներից մեկի՝ 2012թ. մայիսի 4-ի «Բենզին Ռուբոն եւ Անահիտ Բախշյանը» հոդվածի՝ դատական կարգով վիճարկման համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետն արդեն սպառվել է, ՏՎԽ-ն Անահիտ Բախշյանին առաջարկեց դիմել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին եւ նշված վեճի առիթով ստանալ վերջինիս եզրակացությունը։
Ստանալով Անահիտ Բախշյանի դիմումը՝ 2012թ. հոկտեմբերի 1-ին ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը հրավիրեց նիստ, որի ընթացքում քննարկեց Անահիտ Բախշյանի դիմումը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի վերոհիշյալ հոդվածների՝ մասնագիտական էթիկայի նորմերին համապատասխանության հարցը։ Համաձայն իր աշխատակարգի 5.1 հոդվածի՝ «ԴՄ-ը Ինքնակարգավորման նախաձեռնության անդամների կողմից կամ սույն աշխատակարգով նախատեսված դեպքերում՝ ոչ անդամների կողմից Վարքականոնի խախտման վերաբերյալ բողոքների քննության հիմքով կայացնում է կարծիք-եզրակացություն»։
Վերոհիշյալ երեք հոդվածները մասնագիտական էթիկայի եւ իրավունքի տեսանկյունից վերլուծության ենթարկելով՝ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը, համապատասխանաբար, եկան հետեւյալ համատեղ եզրահանգման.
- Ինչպես Դիտորդ մարմնին եւ ՏՎԽ-ին տեղեկացրեց տիկին Անահիտ Բախշյանը, հոդվածներից որեւէ մեկի առնչությամբ նա չի դիմել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությանը՝ հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով։ Այդ առումով ԴՄ-ն ու ՏՎԽ-ն արձանագրում են, որ տեղեկատվական վեճերի լուծման առաջնային միջոցը հենց տվյալ ԶԼՄ-ին հերքման եւ/կամ պատասխանի պահանջով դիմելն է։ ՀՀ-ում համապատասխան ընթացակարգը նախատեսված է ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածով։ Ելնելով դրանից, ԴՄ-ն ու ՏՎԽ-ը գտնում են, որ նպատակահարմար կլիներ, եթե տիկին Բախշյանն օրենքով նախատեսված ժամկետում, այն է՝ մեկամսյա ժամկետում, հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը/պատասխանը, օգտվեր իր այդ իրավունքից։
- Ինչ վերաբերում է վիճարկվող հոդվածների համապատասխանությանը լրագրողական էթիկայի կանոններին, ԴՄ-ն ու ՏՎԽ-ը գտնում են, որ երեք հոդվածներն էլ պարունակում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական նորմերի խախտումներ։ Մասնավորապես, նշվեց այն հանգամանքը, որ բոլոր երեք հոդվածներում թերթը ներկայացրել է փաստեր դիմումատուի մասին, իսկ հոդվածներից երկուսում էլ մեջբերել է անորոշ երրորդ անձանց փոխանցմամբ՝ իբրեւ թե նրա արած հայտարարությունները, եւ ոչ մեկի դեպքում էլ այդ փաստերի եւ մեջբերվող արտահայտությունների իսկության վերաբերյալ հենց Անահիտ Բախշյանից մեկնաբանություն ստանալու համար միջոցներ չի ձեռնարկել: Այս առումով, ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի 1.1. հոդվածը սահմանում է. «Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը…» , իսկ 1.2. հոդվածում նշվում է. «Եթե խմբագրությունը հասարակական նշանակալի տեղեկություններ է ստացել, սակայն չի կարողացել ճշտել փաստերը, հրապարակելիս անպայման նշել այդ մասին»։ Վարքականոնի 1.3 հոդվածն էլ կոչ է անում լրատվամիջոցներին՝ «վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի վրա»։ Դիմումի առարկա «ՉԻ» հրապարակումներում թերթը չի հետեւել վարքականոնի դրույթներում ներառված մասնագիտական հիմնարար նորմերին:
- Լրագրողական էթիկայի տեսանկյունից անընդունելի է նաեւ այն փաստը, որ հոդվածներում որպես աղբյուր են վկայակոչվում «շրջանառվող լուրերը»։ Սա ինքնին հակասում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների վարքականոնի՝ տեղեկատվության աղբյուրներին ներկայացվող պահանջներին, համաձայն որոնց՝ լրագրողները պետք է հնարավորինս նշեն տեղեկությունների աղբյուրները, խուսափեն տեղեկատվության կոնֆիդենցիալ աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումը տալուց առաջ պարզեն շարժառիթները։
- Վիճարկվող հոդվածների իրավական վերլուծությունը հանգեցնում է հետեւյալ եզրակացությունների.
- Ի տարբերություն այլ մասնավոր անձանց` քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է: Այս հանգամանքով պայմանավորված՝ վերջինների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են: Հետեւաբար, նրանք պետք է դրսեւորեն ավելի մեծ հանդուրժողականություն, քան՝ այլ մասնավոր անձինք: Ի հավելումն նշվածի, ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից բխում է, որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաեւ հանրային ծառայության միջոցով, եւ այդ ծառայությունը կրող անձանց հանրային եւ մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ: Այդ է պատճառը, որ քաղաքական գործիչների մասին հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից ։ Տվյալ դեպքում բոլոր երեք հրապարակումներն, անկասկած, ներկայացնում են հասարակական հետաքրքրություն, քանի որ լրատվամիջոցը հասարակական քննարկման առարկա է դարձրել քաղաքական գործչի գործունեության, մտածողության եւ վարքագծի վերաբերյալ հրապարակումներ: Այս իմաստով լրատվամիջոցն իրականացրել է իր առաքելությունը, որն իր վրա դրված է հանրային իրավունքի ուժով եւ բխում է հանրային շահից: Հետեւաբար, լրատվամիջոցը չի կարող պատասխանատվության ենթարկվել զուտ այն բանի համար, որ քաղաքական գործչի մասին հրապարակել է քննադատական հոդվածներ: Սրանից բխում է, որ խնդրո առարկա հարցը պետք է դիտարկել ոչ թե լրատվանյութի մատուցման եղանակի, այլ՝ բովանդակային տեսանկյունից:
Բոլոր երեք լրատվանյութերում ներկայացվել են փաստական տվյալներ՝ այլ ոչ թե գնահատողական դատողություններ: Հետեւաբար, նույնիսկ եթե առկա է անիրավաչափ խոսք, ապա դա կարելի է գնահատել որպես զրպարտություն եւ ոչ թե վիրավորանք, քանի որ վերջինս չի կարող արտահայտված լինել փաստական տվյալներով՝ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ տեղեկությամբ ։ Իսկ արտահայտությունը որպես զրպարտություն բնութագրելու անհրաժեշտ վավերապայմաններից են՝ արտահայտության անհամապատասխանությունն իրականությանը, ինչպես նաեւ դրանով անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելը ։ Այսպիսով, նույնիսկ եթե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա դա դեռ բավարար պայման չէ, որ տեղեկությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով հանդիսանա զրպարտող բնույթի, քանի որ անհրաժեշտ է նաեւ, որպեսզի տեղեկությունը լինի արատավորող բնույթի: Հաշվի առնելով վերը նշվածը, գտնում ենք, որ 05/07/2012թ. եւ 15/06/2012թ. հրապարակումներում շարադրված տեղեկությունները («Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որն ակտիվորեն մասնակցում էր մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիաներին, խիստ զայրացած է մյուս քաղաքական թիմերի լռությունից ու պասիվությունից։ -Ասում են, նախկին օրենսդիրն անգամ զայրացել է բոլոր գործընթացներից բացակա ժառանգականների վրա` ասելով, որ նման դեպքում նրանք ոչ մի բանով չեն տարբերվում մյուս քաղաքական թիմերից ու նրանց ներկայացուցիչներից։ Բախշյանը կոնկրետ անուններ չի տվել, թե ժառանգականներից ո՞վ է իրեն առավել շատ նյարդայնացրել, բայց եւ նշել է այն մասին, որ այսօր որոշ քաղաքական դեմքեր իրենք իրենցից վախեցած՝ ուղղակի անկյուն են մտել»։ Ինչպես նաեւ՝ «Շրջանառվող լուրերի համաձայն, երեկվանից «Ժառանգության» գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել։ Դրա պատճառը, ասում են, եղել է «Ժառանգության» բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը՝ կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ։ Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես` «Կենտրոնում» ու «Արմենիայում» քիչ երեւա, քանի որ դա ընդհանուր շահերից չի բխում։ Ավելին, Սաֆարյանը Բախշյանին անգամ խորհուրդ է տվել եթերներում հյուրընկալվելուց եւ խոսելուց առաջ «ճշտվել» «Ժառանգության» լիդերների հետ։ Քանի որ, ըստ «Ժառանգության» «լիդերի», «այդկերպ գոնե կտեղեկանաք, թե որ ուղղությամբ պետք է տանեք մեր քննադատությունը, եւ ում ինչ դիրքերից է պետք ուղարկել «մեսիջները»։ Սակայն ասում են, որ Բախշյանը Սաֆարյանին իր տեղն է ցույց տվել` ասելով. «Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես»։) օբյեկտիվորեն արատավորող բնույթի չեն, եւ նույնիսկ եթե պարզվի, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք չեն կարող համարվել զրպարտող բնույթի:
- Այլ է 04/05/2012թ. հրապարակման մեջ տարածված փաստացի հայտարարությունը՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի անունից ընտրողներին շորեր բաժանելու մասին, որը, ԴՄ-ի եւ ՏՎԽ-ի կարծիքով, իր բնույթով անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություն է: Հետեւաբար, լրատվամիջոցը կրում է այդ փաստացի հայտարարության ճշմարտացիության ապացուցման բեռը, այսինքն, պետք է ապացուցի հրապարակված տեղեկության ճշմարտացիությունը կամ կրի պատասխանատվություն 1087.1 հոդվածի ուժով: Որպես պաշտպանության միջոց՝ լրատվամիջոցը կարող է բացահայտել իր աղբյուրը եւ օգտվել 1087.1 հոդվածի 6-րդ եւ 9-րդ կետերի պաշտպանությունից (պատշաճ աղբյուրից կատարած բարեխիղճ վերարտադրում), կամ օգտվել 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պաշտպանությունից՝ հիմնավորելով, որ փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, քանի որ տվյալ իրավիճակում դա պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, եւ որ լրատվամիջոցը ողջամտության սահմաններում ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխղճորեն է ներկայացրել է այդ տվյալները:
ԴՄ-ը եւ ՏՎԽ-ը մեկ անգամ եւս վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ դատարան դիմելը պետք է հանդիսանա իրավական պաշտպանության ծայրահեղ միջոց, որին խորհուրդ է տրվում դիմել միայն այն բանից հետո, երբ սպառվել են վեճերի լուծման արտադատական բոլոր հնարավոր միջոցները՝ եւ առաջին հերթին ԶԼՄ-ի հետ անմիջականորեն հաշտության հասնելը՝ հերքման, պատասխանի կամ նրա կողմից ներողության հրապարակման եղանակով: