Հրապարակումներ

Հրապարակումներ

Տեղեկատվության ազատությունը եւ Կառավարություն-մեդիա հաղորդակցությունը ՀՀ-ում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությունը եւ Կառավարություն-մեդիա հաղորդակցությունը ՀՀ-ում

Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
նախագահ, բգթ

Տեղեկատվության ազատությունը եւ Կառավարություն-մեդիա հաղորդակցությունը ՀՀ-ում

Հետազոտություն

Հիմնական նպատակը, մեթոդաբանությունը եւ կառուցվածքը.

Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել ՀՀ պետական կառավարման մարմինների՝ մեդիայի հետ աշխատանքում ռազմավարական հաղորդակցության եւ տեղեկատվության ազատության դերը, բացահայտել ոլորտում առկա հիմնական խնդիրները եւ առաջարկել դրանց հաղթահարմանն ուղղված գործնական լուծումներ եւ ռեկոմենդացիաներ։

Հետազոտությունն իրականացվել է մի քանի մեթոդներով եւ փուլերով։ Առաջին փուլում հետազոտողի կողմից իրականացվել է ոլորտի անմիջական դիտարկումներ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ուսումնասիրման միջոցով։ Զուգահեռաբար, հետազոտման առակա համարվող մի շարք հարցերի վերաբերյալ ստույգ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով պետական տարբեր մարմիններ ուղարկվել են տեղեկություն ստանալու հարցումներ։ Այնուհետեւ, այս փուլին հաջորդել է ՀՀ պետական կառավարման մարմինների մամուլի խոսնակների եւ/կամ տեղեկատվության ազատության պատասխանատուների կողմից լրացված հարցաշարերի ուսումնասիրությունը։ Ընդհանուր առմամբ լրացվել եւ մեզ է փոխանցվել 18 հարցաշար։ Այս փուլում ձեռքբերված տեղեկատվությունը համադրվել եւ համալրվել է պետական կառավարման մարմինների խոսնակների հետ հանդիպման/հարցազրույցների միջոցով (ընդհանուր առմամբ հարցազրույց-հանդիպմանը մասնակցել է 12 գերատեսչության ներկայացուցիչ)։ Ուսումնասիրվել են նաեւ այս ոլորտում մասնագիտացած Ինֆորմացիայի ազատության կենտոն հասարակական կազմակերպության փորձը, այս կառույցին դիմած լրագրողների՝ տեղեկություն ստանալիս խոչընդոտների հանդիպելու մասին դիմումները։

Հետազոտության մեջ ընդգրկվել են բոլոր 11 նախարարությունները (բացառություն է միայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը), Վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն եւ առընթեր այն 5 տեսչությունները, որոնցում առկա է համալրված տեղեկատվության և/կամ հանրության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի հաստիք։ Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ ընդգրկվել է 18 պետական կառավարման մարմին (մարմինների ամբողջական ցանկը տես Հավելված 1-ում)։

Հետազոտությունը բաղկացած է 6 հիմնական ենթաբաժիններից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է հատուկ ռեկոմենդացիաներ՝ ուղղված մամուլի հետ աշխատանքի արդունավետության բարձրացմանը, տեղեկատվության ազատության բարելավմանը, ինչպես նաեւ կառավարության եւ հասարակության միջեւ հավասարակշռված, ստույգ, ամբողջական եւ ժամանակին տեղեկատվական հոսքի ապահովմանը։

1. Պետական կառավարման մարմինների հաղորդակցական ռազմավարությունների ամփոփ վերլուծություն

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ պետական կառավարման մարմինների 1/3-ից ավելին ունի հաղորդակցության ռազմավարություն եւ/կամ գործողությունների ծրագիր:
Հետազոտության մեջ ընդգրկված պետական կառավարման 18 մարմիններից 7-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենց գերատեսչությունն ունի ընդունված հաղորդակցության ռազմավարություն, որի համաձայն իրականացվում է մարմնի տեղեկատվական հիմնական քաղաքականությունը։
Այնուամենայնիվ, այս փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմավարություններից երեքն արդեն կորցրել են իրենց արդիականությունը՝ ընդունված լինելով 2010 եւ 2011 թվականներին եւ չեն ներառում տեղեկատվական ներկա մարտահրավերներն ու առաջնահերթությունները։ Դրա փոխարեն, տվյալ կառույցների ներկայացուցիչների պնդմամբ, ամեն տարեսկզբին մամուլի քարտուղարի և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման կողմից մշակվում եւ ընդունվում է հանրայնացման ենթակա միջոցառումների պլան եւ ժամանակացույց։

Երկու գերատեսչություն իր հաղորդակցության ռազմավարությունն ընդունել է 2019 թվականին։ Բովանդկային առումով այս փաստաթղթերն ավելի շուտ առաջիկայում պլանավորած կոնկրետ գործողությունների եւ ժամկետների մասին ծրագիր են, քան հաղորդակցության հիմնական առաջնահերթությունները, նպատակներն ու գործիքակազմը ներկայացնող համակարգված ռազմավարություն։

Նմանատիպ գործողությունների ծրագրեր ունեն եւս երկու գերատեսչություն, որոնց ներկայացուցիչները նշել են, որ դրանք ընդունվել են առանձին ծրագրերի հանրային իրազեկումն ապահովելու նպատակով՝ որպես դրամաշնորհային կամ վարկային ծրագրի անբաժանելի եւ պարտադիր բաղադրիչ։

Որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ նշել են, որ թեեւ չունեն ընդունված ռազմավարություն որպես այդպիսին, սակայն կառույցի տարեկան ծրագրերում սահմանվում են տեղեկատվական ստորաբաժանման հիմնական ընդհանրական գործառույթները:

Երկու գերատեսչության ներկայացուցիչ տեղեկացրել է, որ ներկայում գտնվում են հաղորդակցության ռազմավարության մշակման փուլում՝ հավելելով, որ միջազգային փորձագետի աջակցությունն այս փուլում խիստ արդյունավետ կարող է լինել։

Ի դեպ, հաղորդակցության ռազմավարություն չունի նաեւ ՀՀ կառավարությունը։

Այսպիսով, կարելի է ամփոփել, որ համապարփակ արդի հաղորդակցության ռազմավարությամբ տեղեկատվական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմին ՀՀ-ում չկա։

Առաջարկություններ.

  • Կառավարութունը պետք է մշակի եւ ընդունի ողջ կառավարության տեղեկատվական (հաղորդակցության) միասնական ռազմավարություն ինչպես ներքին այնպես էլ արտաքին լսարանին ուղղված պաշտոնական տեղեկատվական հոսքերը կառավարելու նպատակով։
  • Կառավարության տեղեկատվական միասնական ռազմավարության հիման վրա պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է մշակի եւ ընդունի երկարաժամկետ տեղեկատվական (հաղորդակցության) ռազմավարություն ուղղված տվյալ գերատեսչության տեղեկատվական քաղաքականության իրականացմանը, որը կկարգավորի տվյալ կառույցի հաղորդակցության հիմնական առաջնահերթությունները, ուղղություններն ու գործիքակազմը։ Ընդունված հաղորդակցության ռազմավարության հիման վրա պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է մշակի եւ ընդունի տարեկան կտրվածքով գործողությունների ծրագիր՝ ուղղված ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունների իրագործմանը։
  • Այս գործընթացներում կարեւոր նշանակություն ունի պետական կառավարման մարմինների ռազմավարությունների եւ գործողությունների ծրագրերի մշակման միասնական մեթոդաբանության եւ գործիքակազմի կիրառումը։
  • Վերոնշյալ ռեկոմենդացիաները պատշաճ իրականացնելու համար խիստ ցանկալի է կազմակերպել և իրականացնել հատուկ դասընթաց պետական կառավարման մարմինների հաղորդակցության ռազմավարություն մշակելու և կիրարկելու հմտությունները զարգացնելու նպատակով։
  • Հաղորդակցման տեղական եւ միջազգային մասնագետների հետ համատեղ մշակել հաղորդակցության ռազմավարության ուղեցույց գերատեսչությունների համար, որը կապահովի հետագայում ստեղծված փաստաթղթերի համադրելիությունը եւ միասնականությունը:

2. Կառավարություն-մեդիա հաղորդակցության վրա ազդող խըչընդոտները բազմաշերտ են եւ բազմատեսակ։ Այս ենթաբաժնում կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին՝ ներկայացնելով համապատասխան խնդրի հաղթահարմանն ուղղված կոնկրետ գործնական առաջարկներ։

2.1 Բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները նշում են, որ ոլորտին քաջատեղյակ եւ իրազեկ լրագրողների մեծ պակաս կա, ինչպես նաեւ, լրագրողներին մասնագիտական ոլորտային գիտելիք փոխանցելու անհրաժեշտություն։

Հարցման բոլոր մասնակիցները նշել են, որ բաց են բոլոր լրատվամիջոցների համար: Նրանց հիմնական մասը, սակայն, նշել է, որ ունեն վստահելի լրատվամիջոցների/լրագրողների ցանկ, ովքեր հետաքրքրված են ոլորտով, հավատարիմ են լրագրողական էթիկական սկզբունքներին, կանոնավոր լուսաբանում են իրենց ոլորտը, զերծ են մնում ապատեղեկատվություն եւ կեղծ լուրեր տարածումից եւ կառույցի հետ համագործակցության երկարաժամկետ փորձառություն ունեն:

Հարցված բոլոր խոսնակները նշում են, որ ամենալուրջ խնդիրներից մեկը լրագրողների՝ տվյալ ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքի պակասն է, ինչի հետեւանքով լրագրողները որոշ դեպքերում թույլ են տալիս կոպիտ մասնագիտական սխալներ կամ տարածում ապատեղեկատվություն։ Կան նաեւ «ունիվերսալ» լրագրողներ, որոնք գրում են ամեն ինչի մասին՝ առանց ունենալու համապատասխան գիտելիք կամ նույնիսկ պատկերացում տվյալ ոլորտի մասին։ Միեւնույն ժամանակ, կան նաեւ լրագրողներ, որոնք տվյալ ոլորտին լավատեղյակ են եւ մասնագիտացած, ինչպես նաեւ էթիկական լրագրությանը հավատարիմ, ինչի շնորհիվ ապահովում են որակյալ լրատվություն եւ իրազեկում։ Ընդհանրապես, էթիկական լրագրության պակասը որպես լրջագույն խնդիր են նշել բոլոր խոսնակները եւ կարեւորել էթիկական լրագրության խթանումը Հայաստանում։

Հարցման մասնակիցների հիմնական մասը վստահ է, որ լրագրողները ոչ լիարժեք պատկերացում ունեն պետական գերատեսչություններում հաղորդակցման մասնագետի աշխատանքի ծավալի և դերակատարության մասին, ինչը սխալ ակնկալիքներ ու ոչ արդյունավետ հարաբերությունների առիթ կարող է դառնալ:

Հարցման մասնակիցները հավաստիացնում են՝ «անցանկալի» ԶԼՄ-ների «սև ցուցակ» չունեն, սակայն բոլորն էլ առանձնացնում են այն ԶԼՄ-ներին, որոնք անկախ իրավիճակից հարցը լուսաբանելու են բացասական երանգավորմամբ,։ Առկա են սակայն, վստահելի եւ ոչ վստահելի լրատվամիջոցների պայմանական ցանկեր։ Սակայն տեղեկատվություն տրամադրում են բոլորին՝ առանց բացառության։

 Առաջարկություններ.

  • Իրականացնել կարճաժամկետ եւ պարբրական վերապատրաստման ծրագրեր ոլորտային լրագրողների համար՝ ստեղծելով տվյալ կառույցի գործունեությունը կանոնավոր լուսաբանող մասնագիտացած լրագրողների խումբ։
  • Մշակել լրագրողների պարբերական փորձի փոխանակման առերես և վիրտուալ մեխանիզմ՝ ապահովելով վերապատրաստման և փորձի փոխանակման անընդհատություն:
  • Մշակել մեխանիզմներ տարբեր գերատեսչությունների գործունեությունը լուսաբանող լրագրողների ոլորտային վերապատրաստման իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների հայթայթման նպատակով:
  • Հնարավորության դեպքում ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստումը ներառել մեծ բարեփոխումների կամ միջազգային դրամաշնորհային ծրագրերի մեջ որպես պարտադիր բաղադրիչ:

2.2. Առկա է տեղեկատվական գործառույթներն ապահովող ստորաբաժանումների եւ խոսնակների գործառույթների կրկնություն եւ միասնական պրակտիկայի բացակայություն։

Հետազոտությունում ներգրավված 18 մարմնից 6-ում խոսնակը ղեկավարում է նաեւ տեղեկատվության ստորաբաժանումը։ Ընդ որում, տարբեր մարմիններում այս ստորաբաժանումների անվանումներն իրարից տարբերվում են՝ Հասարակության և տեղեկատվության վարչություն, Հասարակայնության հետ կապերի բաժին, Մամուլի և հասարակայնության բաժին և այլն: 6 մարմնի դեպքում առկա է եւ՛ խոսնակ, եւ՛ ստորաբաժանում՝ իր առանձին ղեկավարով։ ՀՀ Վարչապետին առընթեր մարմնում միայն խոսնակ է: ՀՀ Կառավարությանն առընթեր 6 մարմնում էլ առկա է միայն ստորաբաժանում։ Այսպիսով, 18 պետական կառավարման մարմինների պարագայում մենք ունենք 4 տարբեր մոդել եւ պրակտիկա, ինչն անթույլատրելի է։

Խոսնակի եւ տեղեկատվական գործառույթներ ապահովող ստորաբաժանման ղեկավարի լիազորությունների շրջանակը տարբեր գերատեսչություններում խիստ տարբեր է։ Հարցումների պատասխան ստանալու համար լրագրողները շփվում են ինչպես խոսնակների, այնպես էլ տեղեկատվության ստորաբաժանման ղեկավարի հետ. տարբեր գերատեսչություններում այդ հարցը տարբեր լուծումներ է ստանում։

Պարտականությունների կրկնությունն ակնհայտ է դառնում այն դեպքերում, երբ լրագրողները գրավոր դիմում են տեղեկություն ստանալու հարցմամբ, որից ծագող իրավահարաբերությունները գտնվում են յուրաքանչյուր գերատեսչության տեղեկատվության ազատության պատասխանատու անձի լիազորությունների շրջանակում՝ համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի։ Ընդ որում, որպես կանոն, ՏԱ պատասխանատուն յուրաքանչյուր մարմնում տարբեր մակարդակներ է ներկայացնում՝ գլխավոր քարտուղարից մինչեւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ եւ այլն։

Մեկ այլ խնդիր է ներքին համարժեք ու բավարար կոորդինացիայի պակասը քարտուղարության, խոսնակի, տեղեկատվության վարչության ու գերատեսչության ղեկավարի միջեւ։

2018 թվականին ընդունված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական կառավարման մարմիններում հասարակայնության եւ տեղեկատվության վարչություն/բաժինները այսուհետ պետք է համակարգվեն մամուլի խոսնակի/քարտուղարի կողմից։ Այդուհանդերձ, այս իրավական նորմը չի նպաստել միատեսակ պրակտիայի ձեւավորմանը պետական կառավարման համակարգում. բազմաթիվ գերատեսչություններում օրենքի ընդունումից 1 տարի անց առկա են եւ՛ մամուլի խոսնակի, եւ՛ վարչության պետի պաշտոնները, իսկ ոլորտի աշխատանքը համակարգվում է երկուստեք։ Ավելին, այս օրենքի ընդունումը հաղորդակցության ոլորտում առաջ է բերել հավելյալ մի քանի հիմնախնդիր.

1. Հանրային ծառայության մասին ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետով համաձայն՝ «Նախարարություններում հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մամուլի քարտուղարը: Այսպիսով, նախարարություններում ստորաբաժանման քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարը հանդիսանում է հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը, տվյալ դեպքում՝ մամուլի քարտուղարը, ով նաեւ այդ ստորաբաժանման աշխատակիցների աշխատանքը գնահատող, վերապատրաստում նշանակող անձն է: Այսպիսով, պետք է արձանագրել, որ հայեցողական պաշտոնին նշանակված անձը պետք է տիրապետի քաղաքացիական ծառայության վերաբերյալ հմտություններին՝ աշխատանքը գնահատելու, վերապատրաստման անհրաժեշտությունը արձանագրելու և ստորաբաժանումը ղեկավարելու համար, ինչը խիստ դժվար է ապահովելը:
2. Այս փոփոխության հետ կապվող մյուս մտագոհությունն այն է, որ պետական կառավարման մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունները, որոնք տվյալ կառույցի ընդհանոր տեղեկատվական քաղաքականություն իրականացնողն են, ղեկավարվում են հայեցողական, ասել է թե քաղաքական չեզոքություն չունեցող պաշտոն զբաղեցնող անձի կողմից։
3. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ «Հայեցողական պաշտոնների համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր, որի համար չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, ում անմիջական ենթակայությամբ է աշխատելու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը: Փաստորեն, ստորաբաժանման ղեկավար մամուլի քարտուղարի անձնագրի չափանիշները կարող են լինել խիստ հայեցողական, ոչ միասնական, տարբեր նախարարություններում տարբեր, քանի որ այն սահմանվում է տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից։
4. Վերջապես, Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ «Հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ՝ առանց մրցույթի՝ բավարարելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները»: Ստորաբաժանման ղեկավար մամուլի քարտուղարը նշանակվում է առանց մրցույթի, բավարարելով հայեցողական պաշտոնի անձնագրին: Պաշտոնի անձնագիրը լինելով փոփոխական փաստաթուղթ, չպարունակելով պաշտոնի գործառույթների հիմնական սկզբունքները, բավարար չէ համոզված պնդելու, որ այդ անձնագրի հիման վրա նշանակված անձը կտիրապետի նախարարության ոլորտին, պետական մարմնի գործառույթներին և կնպաստի ճշգրիտ հանրային կարծիքի ձևավորմանը՝ չապահովելով նաեւ պետական մարմնի կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականության կայունությունը եւ անընդհատությունը։

Առաջարկություններ.

  • Անհրաժեշտ է նորմատիվ իրավական ակտով հստակ տարանջատել մամուլի խոսնակ-հասարակայնության եւ տեղեկատվության ստորաբաժանման եւ Տեղեկատվության ազատության պատասխանատու անձի լիազորություններն ու գործառույթների շրջանակը եւ բացառել գործառույթների կրկնությունը։ Անհրաժեշտ է համադրել եւ ներդաշնակեցնել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի եւ ՀՀ Կառավարության N1204-Ն որոշմամբ առաջարկվող համանման հարցերին վերաբերող կարգավորումները։
  • Անհրաժեշտ է միասնական մեխանիզմ եւ պրակտիկա ձեւավորել պետական կառավարման բոլոր մարմիններում, ինչը կհանգեցնի պետական կառավարման վարչարարության կանխատեսելիության եւ արդյունավետության բարձրացմանը մամուլի համար:
  • Վերանայել հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը եւ վերացնել առկա հիմնախնդիրները, որոնք ծագում են օրենքի վերոնշյալ հակասությունների հետեւանքով։

2.3 Գերատեսչություններում տեղեկատվական գործառույթներն ապահովող խոսնակների կամ ստորաբաժանման ղեկավարների գիտելիքի եւ հմտության մակարդակը տեղեկատվության ազատության եւ հաղորդակցության ոլորտում տարբեր գերատեսչություններում տարբեր է։

Նոր Կառավարության ձեւավորումից ի վեր բազմապատկվել են ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների կողմից ներկայացվող՝ գերատեսչություններին ուղղված տեղեկություն ստանալու հարցումները։ Նաեւ տեղեկավտության հաստիքները համալրվել են նոր կադրերով, որոնք չունեն ոլորտում կիրառելու համար անհրաժեշտ բավարար փորձ եւ գործնական հմտություններ։ Մյուս կողմից, նաեւ անփոփոխ են մնացել տեխնիկական ռեսուրսները։

Գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը խիստ անհամաչափ է: Գերատեսչությունների հիմնական մասը տեխնիկական և մասնագիտական հագեցվածության կարիք ունի: Գոյություն չունի տեխնիկական և մարդկային ռեսուրսների բաշխվածության մեկ միասնական մեխանիզմ եւ պատկեր: Պետական կառավարման մարմինների տեղեկատվական գործառույթներն ապահովող ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների բաշխվածությունը եւս տարբեր է՝ 1-ից մինչեւ 7 եւ ավելի աշխատակից։

Ընդհանրապես հմտությունների եւ աշխատանքային համապատասխան փորձի պակասը լուրջ խոչընդոտ է պետական մարմինների տեղեկատվական քաղաքականության իրականացման հարցում։ Խնդիր է նաեւ որոշ մարմիններում տեխնիկական հնարավորութունների խիստ սահմանափակ եւ ոչ արդիական լինելը։ Սակայն, ինչպես արդարացիորեն նշում է հարցման մասնակից խոսնակներից մեկը՝ այս դաշտում ոչ այնքան մարդկանց քանակի, որքան առկա ռեսուրսների, վերապատրաստման, գիտելիքի թարմացման կարիք կա, որ կարողանան ժամանակին համընթաց կազմակերպել աշխատանքները:

Թեեւ Տեղեկատվության ազատության եւ հաղորդակության ուսուցումը ներառված է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի ամենամյա պարտադիր ուսուցումների շարքում դեռեւս 2009 թվականից, սակայն պետական բյուջեից հատկացումներ չկատարվելու պատճառով այդ ուսուցումներն իրականացվում են ոչ պարբերաբար եւ բացառապես դոնոր կազմակերությունների ֆինանսական աջակցությամբ։

Անձնակազմի եւ տեխնիկայի կարիքները բազմազան են՝ օպերատորի, մոնտաժողի, գրաֆիկ դիզայների, SMM մասնագետի, PR մարքեթինգի մասնագետի, ՏՏ ոլորտի տեխնիկական մասնագետի, վիզուալ կոնտենտի մշակման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների և գործիքների, թարգմանիչների կարիք։ Որոշ կառույցներում մեկ աշխատակիցը համադրում է առավելագույն քանակի գործառույթներ, ինչը կարող է իջեցնել գործունեության արդյունավետությունը։ Կարիք ունեն նաեւ սոցիալական ցանցերում նյութերի առաջխաղացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների, որոնք, սակայն, գնումների ընթացակարգով չեն նախատեսվում։

Հարցված մարմինների ներկայացուցչիները նշել են նաեւ ԶԼՄ մոնիտորինգի գործիքների խիստ անհրաժեշտությունը իրենց գործունեության ընթացքում։ Հարցումները ցույց են տալիս, որ ամեն կառույց ինքնուրույն է ընտրել եւ գործարկել մոնիտորինգ իրականացնելու իր գործիքակազմը իր կարիքներին համապատասխան։ Որոշներն օգտվում են մասնավոր կազմակերպության վճարովի ծառայութուններից, ինչպես, օրինակ, Ռումորս մոնիտորինգ https://rumorsmonitoring.com ռեսուրսն է, որը մշակվել է Deem communciations ի կողմից՝ մինչ տարեվերջ պետական մարմիններին տրամադրելով անվճար ծառայություններ։ Որոշներն օգտվում են Մաքս Մոնիտոր՝ https://www.maxmonitor.am ռեուրսից՝ նույնպես մշակված մասնավոր կազմակերպության կողմից։

Առաջարկություններ.

  • Պետական կառավարման մարմինները հսկայական ռեսուրներ են ծախսում մեդիա մոնիտորինգի գործիքների ձեռքբերման վրա։ Անհրաժեշտ է ստեղծել եւ կառավարության կողմից գործարկել պետական կառավարման մարմինների մեդիա եւ սոցիալական ցանցերի մոնիտորինգի մեկ միասնական գործիք, մոդել, որը կբավարարի մարմինների բոլոր կարիքները՝ նրանց հնարավորություն տալով հավելյալ ենթագործիքներ ավելացնել կամ նվազեցնել այդ ռեսուրսում։ Տվյալ գործիքը պետք է մշակվի պետական կառավարման մարմինների անմիջական մասնակցությամբ եւ նրանց կարիքների գնահատումն իրականացնելուց հետո։
  • Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ/մասնագիտական խորհրդատվություն գերատեսչության հիմնական բանախոսների, ներառյալ ղեկավարների համար՝ զարգացնելու ԶԼՄ-ների հետ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները՝ ներառյալ խոսքի վարպետություն:
  • Առաջարկվում է Տեղեկատվության ազատության, հաղորդակցության եւ հանրության հետ կապերի վերաբերյալ կանոնավոր դասընթացներ կազմակերպել պետական կառավարման բոլոր մարմինների խոսնակների, ինչպես նաեւ ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացները պետք է առնչվեն ինչպես տեղեկատվության մատչելիության իրավական հարցերին, այնպես էլ տեղեկատվության կառավարման տեխնիկական/գործնական հմտություններին։ Նշյալ դասընթացի կարեւոր բաղադրիչ կարող է լինել ԶԼՄ-ների մոնիտորինգի իրականացման հմտությունների զարգացումը:
  • Անհրաժեշտ է հզորացնել պետական բոլոր մարմինների տեխնիկական կարողությունները, և տեղեկատվության պատասխանատուներին և հանրության հետ կապերի վարչություններին ապահովել նրանց աշխատանքը կատարելու համար բավարար տեխնիկական ռեսուրսներով։

2.4 Որպես առավել հաճախ նշվող խոչընդոտ խոսնակներն առանձնացրել են տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու համար սահմանված խիստ սեղմ ժամկետները եւ հաճախ կրկնվող, նաեւ իրավունքի չարաշահման հանգեցնող հարցումները։

Այս խնդիրը սակայն երկկողմանի է։ Մի կողմից խոսնակները նշում են, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետն անբավարար է եւ անհարմարություն է ստեղծում ժամկետում պատասխանելու առումով, մյուս կողմից ԻԱԿ-ին դիմած բազմաթիվ լրագրողներ նշում են, որ 5-օրյա ժամկետը խիստ երկար է եւ անհամատեղելի լրագրղի աշխատանքի հետ, հատկապես հեռուստատեսային լուրերի եւ օրաթերթերի պարագայում։
Ըստ ինֆորմացիայի ազատության կենտրոնի www.givemeinfo.am էլեկտրոնային ռեսուրսի՝ 2018թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղեկություն ստանալու հարցումների միայն 53 տոկոսին է տրվել պատասխան օրենքով սահմանված ժամկետներում։ Ժամկետի խախտման դեպքեր է արձանագրվում նույնիսկ այն դեպքերում, երբ մերժում են տեղեկատվության տրամադրումը։ Որոշ գերատեսչություններում կա հետեւյալ պրակտիկան՝ նախ օգտվում են լրացուցիչ ժամկետում պատասխանելու հնարավորությունից, այնուհետեւ 10-15 օր անց մերժում տեղեկատվության տրամադրումը։ Ժամկետանց պատասխանների խնդրին առավել հանգամանալից կանդրադառնանք 3-րդ բաժնում՝ ներկայացնելով խնդրի հաղթահարմանն ուղղված կոնկրետ ռեկոմենդացիաներ։

2.5 Ոչ էթիկական լրագրություն, ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի տարածում

Ինչպես են պետական մարմինները պայքարում ավանդական եւ սոցիալական մեդիայում տարածվող կեղծ լուրերի եւ ապատեղեկատվության դեմ։ Իրավամբ, այս հիմնախնդիրը կարելի է նշել, որպես կառավարության առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավեր, որը պահանջում է հավասարակշռված ու երկարաժամկետ լուծումներ։

Որպես նոր եւ լուրջ հիմնախնդիր գրեթե բոլոր հարցվող խոսնակները նշել են կեղծ լուրերի եւ ապատեղեկատվության հրապարակումը, լայն տարածումը ինչպես ավանդական, այնպես էլ սոցիալական մեդիայում եւ սոցիալական ցանցերում։ Յուրաքաչյուր գերատեսչություն իր ուրույն մեթոդներով է փորձում պայքարել տվյալ գերատեսչության ղեկավարին կամ կառույցին վատ լույսի ներքո ներկայացնող կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման դեմ։

Ապատեղեկատվության հրապարկման դեպքում նախ փորձում են խնդիրը լուծել անմիջապես լրատվամիջոցի հետ։ եթե ապատեղեկատվությունը թյուրըմբռնման կամ տեղեկատվության պակասի հետեւանք է, ապա սովորաբար լրատվամիջոցներն անմիջապես շտկում են այն։ Հիմնականում խնդիրն այս փուլում հարթվում է։ եթե ոչ, ապա արդեն գերատեսչությունները դիմում են հերքման կամ պատասխանի հնարավորությանը։ Հարցման բոլոր մասնակիցները նշում են, որ ապատեղեկատվության դեմ հիմնականում արձագանքում են պաշտոնական պարզաբանումների, հերքումների միջոցով՝ օգտագործելով բոլոր խողովակները։ Մասնակիցները նշում են սակայն, որ լինում են դեպքեր, երբ հերքումները և պարզաբանումները պատշաճ չեն տպագրվում, լրագրողները նախարարությունից, որպես իրավասու մարմին, դիրքորոշում չեն ճշտում և միակողմանի նյութեր են հրապարակում։ եթե լրատվամիջոցը հրաժարվում է հրապարակել հերքումը կամ պատասխանը, ապա մեկ այլ զլմ-ի միջոցով են հրապարակում իրենց ասելիքը։

Որոշ խոսնակներ նշում են որ իրենք արձաքանում են բոլոր կեղծ լուրերին անխտիր, եթե դրանք տարածվում են դիտավորյալ եւ միտումնավոր, եւ որքան շուտ, այնքան լավ։ Իսկ որոշներն էլ կատարում են զտում՝ եթե տվյալ նյութը կարող է խուճապ առաջացնել կամ խիստ վնաս է հասցնում իրենց կառույցի հեղինակությանը, ապա միայն այդ դեպքում են արձագանքում։ Հակառակ դեպքում համարում են, որ եթե բոլոր բամբասանքներին արձագաքեն, ապա անհարկի կշիռ եւ հնչեղություն կհաղորդեն կեղծ լուրերին։

Մասնակիցներից մեկը նշում է, որ իրենք նախընտրում են առաջինը խոսել իրենց խնդիրների մասին, սակայն, միշտ չէ, որ հնարավոր է լինում պահել այդ սկզբունքը։ Այդ դեպքում արագ կազմակերպվում է նախարարության իրավասու պաշտոնյայի մեկնաբանությունը որևէ արժանահավատ և լայն լսարան ունեցող լրատվամիջոցով: Մասնակիցներից մեկը իրավամբ նշում է, որ կարեւորագույն հմտությունը ապատեղեկատվությանն արագ արձագանքելն է բոլոր գործիքների միջոցով: Խոսնակներից երկուսը խոսել են մամուլի հաղոդագրությունների ակտիվ տարածման եւ մամուլի ասուլիսների կազմակերպման կարեւորության մասին։ Կարեւոր է այն հանգամանքը, որ համաձայն Վարչապետի հանձնարարականի՝ այսուհետ պետական կառավարման բոլոր մարմինները պարտավոր են առնվազն 3 ամիսը մեկ անգամ հանդես գալ մամուլի ասուլիսի ֆորմատով եւ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Խնդիրը դատական բողոքարկման ճանապարհով լուծելը համարում են խիստ բացառիկ միջոց։ Դատական հայցեր ներկայացնել պատրաստ են ոչ բոլորը։ Մեր կղմից հարցված պետական մարմիներից միայն մեկն է ներկայում գտնվում մամուլի դեմ դատական գործընթացում։ Նշենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 91 դատական գործ կա հարուցված մամուլի դեմ վերջին մեկ տարվա ընթացքում։

2019 թ. տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարին հանձնարարեց պայքարել «մոնիպուլյատիվ բնույթի տեղեկատվության» տարածման դեմ։ Վարչապետի հանձնարարականն արժանացավ քաղաքացիական հասարակության քննադատությանը եւ ավարտվեց ֆեյսբուքի կեղծ օգտատերերից մեկի կալանավորմամբ եւ, բարեբախտաբար, հետագա կիրառություն չունեցավ։ Կառավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առավել նախընտրելի, արդյունավետ, փափուկ եւ երկարաժամկետ կարգավորումներ առաջ բերող գործիքներ կիրառել։

Որպես լուրերի հերքման առցանց հարթակ՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս գործարկել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը պետական տեղեկատվական հարթակը՝ https://www.facebook.com/infocheck.am/ (ֆեյսբուքյան էջը)։ Ինչպես նշված է էջում՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պետական տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է գտնել լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվությունների հերքումները, ինչպես նաև օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն կառավարության գործունեության վերաբերյալ։ Մեր հարցմանը մասնակցած խոսնակներից միայն մեկն էր տեղեկացված այս հարթակի մասին։

Կառավարության անդամներն սկսել են վստահել մամուլի հետ ունեցած տարաձայնությունները արտադատական մարմինների միջոցով լուծելու մեխանիզմին։ Օրինակ, Էթիկայի դիտորդ մարմինը 2018թ. Հեղափոխությունից հետո ստացել է 3 դիմում կառավարությունից կամ նրա ներկայացուցիչներից, որոնք դիմել են խորհրդին էթիկայի տեսանյունից գնահատական տալու այս կամ այն լրատվամիջոցի հրապարակումներին։ Դիմումների հեղինակներն են ՀՀ Արդարադատության նախարարությունը, ԱԳՆ-ն եւ Կառավարությունը։ Իսկ հեղափոխությանը նախորդած ժամանակաշրջանում որեւէ դիմում խորհուրդը չի ստացել պետական որեւէ կառույցից։

Կարեւոր է նաեւ, որ զուգահեռաբար Կառավարությունը ձեռնարկել է լայն մեդիագրագիտության արշավ՝ ուղղված հանրության մեդիագրագիտության ձեւավորմանն ու զարգացմանը։ Ճիշտ է, դեռեւս այդ ծրագրերին ուղղված միջոցները բավարար չեն, սակայն արդեն իսկ այս քայլի նախաձեռնումը խիստ ողջունելի է։

Այս համատեքստում գրեթե բոլոր խոսնակները նշել են եւս մեկ կարեւոր խնդիր՝ ԶԼՄ-ների իրական սեփականատերերի եւ ֆինասնական թափանցիկության հարցը՝ ովքեր են ֆինասնավորում մեդիան եւ ովքեր են մեդիայի իրական սեփականատերերը։ Այս հարցերն անհանգստացնում են պետական կառավարման բոլոր մարմիններին։ Այս տեղեկատվության թափանցիկությունը ժողովրդժավարական մեդիա համակարգի առանցքային բաղադրիչն է։ Լրատվամիջոցները պետք է ազնիվ եւ արդար լինեն իրենց լսարանի հետ եւ օր առաջ հրապարակեն իրենց սեփականատերերին։

Կառավարությունն ու մեդիա հասարակական կազմակերպություններն այս ուղղութամբ լուրջ ջանքեր են գործադրում։ Հարցն արդեն ներգավվել է
Բաց կառավարման գործընկերության ՀՀ 4-րդ Գործողությունների ծրագրում (2018-2020թթ.)։ ՀՀ-ն առաջին երկրներից էր, որ բիզնեսի, ներառյալ մամուլի, իրական սեփականատերերի հրապարակայնությունը ստանձնել է որպես ԲԿԳ հանձնառություն։ Նախատեսվում է, որ մինչ 2020թվականի նոյեմբեր բիզնեսի բոլոր ճյուղերը, այդ թվում մեդիան պետք է հայտարարագրեն իրենց իրական սեփականատերերին, իսկ այդ տեղեկատվությունը պետք է հրապարակային եւ մատչելի լինի հատուկ այդ նպատակով ստեղծվող հանրային բաց ռեգիստրում։ Նշենք, որ այս առաջարկն արել է քաղաքացիական հասարակությունը եւ ընդունվել կառավարության կողմից։

Առաջարկություններ.

  • Կառավարությունը պետք է զերծ մնա ապատեղեկատվության եւ կեղծ լուրերի խնդրի կոշտ միջամտությունից, ինչպես նաեւ խիստ սահմանափակող իրավական ակտերի ընդունումից, որոնք կարող են հանգեցնել ազատ արտահայտման իրավունքի անհամաչափ սամանափակման։
  • Ընդարձակել եւ աջակցել հանրային մեդիագրագիտության զարգացմանն ուղղված Կառավարության ջանքերն ու ծրագրերը։ Անհրաժեշտ է համապարփակ մեդիա գրագիտության ծրագրեր իրականացնել՝ թիրախավորելով հանրության բոլոր շերտերը։ Մուլտիմեդիա էկոհամակարգում մեդիա գրագիտությունը կարեւոր է բոլոր տարիքի մարդկանց եւ կյանքի բոլոր ոլորտների համար:
  • Հանրային լայն դիսկուրս մեկնարկել խնդրո առարկայի վերաբերյալ՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն մասնագիտական աշխատանաքային խմբերի ներսում եւ դրանցից դուրս։
  • Առաջարկում ենք մշակել ապատեղեկատվությանն արձագանքելու գործիքների եւ միջոցների գործնական միասնական ուղեցույց բոլոր պետական կառավարման մարմինների խոսնակների համար։
  • Պետական եւ քաղաքական գործիչները զրպարտության եւ վիրավորանքի հրապարակումների դեպքում պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող հանրային քննադատության նկատմամբ։ Ցանկալի է, որ նրանք իրենց պատվի եւ արժանապատվության խախտված իրավունքը վերականգնելիս նախապատվությունը տան ոչ թե դատական բողոքարկմանը, այլեւ փորձեն օգտվել լրագրողական ինքնակարգավորման առկա մեխանիզմներից՝ ինչպիսին Էթիկայի դիտորդ մարմինն է եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը։ Վերջիններս վեճ լուծող արտադատական մարմիններ են եւ կարճ ժամանակատավածում տալիս են վեճի էթիկական եւ իրավաական գնահատական։ Այն բացառիկ դեպքերում, երբ գերատեսչությունները դատական հայց են ներկայացնում լրատվամիջոցի կամ լրագրողի դեմ, պետք է բավարարվեն միայն հերքման, պատասխանի կամ հրապարակային ներողության պահանջ ներկայացնելով՝ խուսափելով բարձր փոխհատուցման վճարների պահանջներից։
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանել ատելության խոսք հասկացությունը եւ նախատեսել պատասխանատվություն դրա հրապարակային դրսեւորման դեպքում։ Սա թույլ կտա բացառել այս հասկացության լայն եւ երկակի մեկնաբանությունը, ինչպես նաեւ անհամաչափ սահմանափակման կիրառումը պետության կողմից։
  • ԶԼՄ-ների իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկել։ Նախեւառաջ նախատեսելով խնդրի կարգավորման օրենսդրական հիմքը, այնուհետեւ սկսելով հայտարարագրման գործընթացը եւ տվյալների մուտքագքրումը բաց հանրային ռեգիստրում եւ հրապարակայնացումը։ Բաց հանրային ռեգիստրը հնարավորություն կտա հանրային վերահսկողություն իրականացնել հրապարակված տվյալների ճշգրտության նկատմամբ։ Խնդրի շրջանակում առանցքային է նաեւ տալ լրատվության միջոցի օրենսդրական սահմանումը, ինչը թեեւ առկա է ԶԼ մասին ՀՀ օրենքում, սակայն այլեւս ժամանակավրեպ է եւ լիարժեք չի բնութագրում, սահմանում լրատվամիջոցների ժամանակակից էությունը։ ԵԽ նախարարների խորհրդի 2018թվականին ընդունած ռեկոմենդացիան ԶԼՄ-ների ֆինանսկան թափանցիկության վերաբերյալ կարող է ուղենշային դառնալ այս ոլորտի բարեփոխումների իրականցման համար։

Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ 2022 թվականի թարմացված տարբերակ-հայերեն

Armenia’s Media Sector Needs Assessment Report – 2022

 

Skip to content