Հրապարակումներ

Հրապարակումներ

Ամփոփագիր՝ տեղեկատվության ազատության ոլորտը  վերահսկող մարմինների դերի և կարևորության մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ամփոփագիր՝ տեղեկատվության ազատության ոլորտը վերահսկող մարմինների դերի և կարևորության մասին

Թոբի Մենդել
Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի
Գործադիր տնօրեն
2018 թ. դեկտեմբեր

Պետական մարմինների կողմից տնօրինվող տեղեկատվության մատչելիությունը անհատների համար ապահովող օրենքները կամ պարզապես տեղեկատվության ազատության մասին օրենքները վերջին տարիների ընթացքում ընդունվում են ավելի ու ավելի շատ երկրների կողմից: Այսօր արդեն աշխարհում կա տեղեկատվության ազատության (ՏԱ) մասին 127 օրենք(Տես՝ Երկրների ՏԱ վարկանիշը: https://www.rti-rating.org/country-data/): Օրենքների թվի նման աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում այն հանգամանքով, որ ՏԱ-ը վերջին 10-15 տարիների ընթացքում միջազգային իրավունքի շրջանակներում հստակորեն ճանաչվել է որպես մարդու իրավունք:

Վերոնշյալ օրենքներից 123-ում՝ գնահատված ՏԱ վարկանշային աղյուսակում(ՏԱ ոլորտը կարգավորող օրենսդրության որակը գնահատելու համաշխարհային գործիք: Տես՝ https://www.rti-rating.org), 94 կամ 76%-ում սահմանված է վարչական վերահսկում իրականացնող որևէ մարմին, որը հաճախ կոչվում է տեղեկատվության ազատության հանձնաժողով, ուր մարդիկ կարող են դիմել՝ բողոքարկելու տեղեկատվության մերժումները:

Նման կառույցի կարևորությունն ակնհայտ է. եթե այն գոյություն չունենա, ապա միակ ատյանը, ուր ՏԱ ազատության խնդիրների հետ կապված հնարավոր կլինի դիմել, դատարանն է: Թեև դատարան դիմումները կարևոր են, դիմողների մեծ մասի համար գործընթացը շատ ժամանակատար և թանկ է՝ ողջամտորեն մատչելի համարվելու համար: Ինչպես 2016 թ. զեկույցում նշել է Ամերիկյան պետությունների կազմակերպության խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողը՝.

  • Գրասենյակը բազմաթիվ առիթներով նշել է, որ մարդիկ իրավունք ունեն օգտվելու այնպիսի լուծումից, որը պարզ է, դյուրին և մատչելի, որի կիրառման համար անհրաժեշտ է բավարարել միայն նվազագույն պահանջներ և որը արդյունավետ է, արագ, տրամադրվում է անվճար կամ փոքր վճարի դիմաց, որպեսզի տեղեկատվության հարցումները չսահմանափակվեն և հնարավորություն ընձեռնվի բողոքարկել այն հանրային պաշտոնյաների որոշումները, որոնք մերժում են կոնկրետ տեղեկատվության տրամադրումը կամ պարզապես պատասխաններ չեն տալիս հարցումներին («Տեղեկատվության ազատության իրավունքը վերահսկող հատուկ մարմիններ», 2016 թ.: 8-րդ պարբ.՝ https://www.oas.org/en/iachr/expression/docs/publications/AccesoEN.pdf) :

Հարցումների մերժմանը լուծում տալուց բացի կան նաև այլ պատճառներ նման կառույց ունենալու համար: Այն դեպքերում, երբ այդ կառույցները լավագույն փորձի կրողներն են, նրանք նաև կարևոր դեր ունեն ՏԱ օրենսդրության կիրառման հարցում: Չնայած ՏԱ օրենքների շրջանակերում առանձին պետական պաշտոնյաները հիմնական պատասխանատուներն են, նրանք բոլորն էլ հիմնականում ունեն միևնույն պարտականությունները և արդյունավետ չէր լինի նրանցից պահանջել, որ մշակեն առանձին համակարգեր և ընթացակարգեր այդ պարտականությունների կատարման համար: Շատ ավելի արդյունավետ է և հանրային ոլորտում շատ ավելի կայուն փորձ կարելի է ձևավորել, եթե վերահսկող մարմինն է կենտրոնացված կերպով առաջնորդում և աջակցում: Ամենից առաջ, վերահսկող մարմինը կարող է իրականացնել պաշտոնյաների վերապատրաստումը: Բայց այն կարող է նաև մոդելներ և ցուցումներ տրամադրել առ այն, թե ինչպես ընթացք տալ հարցումներին, ինչպես բավարարել տեղեկատվության պրոակտիվ հրապարակման պահանջները և ինչպես զեկուցել օրենքի կիրառման մասին (սովորաբար պետական պաշտոնյաները հրապարակում են տարեկան զեկույց):

Իրենց գործառույթը պատշաճ կատարելու համար վերահսկող մարմինները պետք է ունենան հետևյալ առանձնահատկությունները. նախ, նրանք պետք է լինեն կառավարությունից անկախ: Նրանց հիմնական դերն է քննության ենթարկել իշխանությունների (պետական մարմինների) կայացրած որոշումները, որոնք մերժում են հրապարակել խնդրվող տեղեկատվությունը: Պարզ է, որ այս գործառույթի արդար իրականացման համար նրանք պետք է անկախ լինեն պետական մարմիններից: Անկախությունը համալիր խնդիր է, սակայն այն կախված է նրանից՝ ովքեր կարող են նշանակվել որպես վերահսկող մարմնի անդամներ և թե ինչպես են նրանք նշանակվում՝ թե օրենսդրական և թե իրավակիրառ պրակտիկայում, ինչպես է տրամադրվում բյուջեն և ինչպես է աշխատում քարտուղարությունը (անդամների՞, թե՞ կառավարության կողմից):

Երկրորդ, նրանք պետք է ունենան համապատասխան իրավասություններ բողոքարկումները քննելու համար: Սովորաբար սա ներառում է տեղեկատվությունը ուսումնասիրելու իրավասություն, այդ թվում՝ դասակարգված փաստաթղթերը, վկաներին ցուցմունք տալու համար հրավիրելը և անհրաժեշտության դեպքում՝ պետական մարմիններում ստուգումը: Երրորդ, նրանք պետք է իրավասու լինեն խնդիրներ հայտնաբերելու դեպքում լուծում տալ այդ խնդիրներին: Սովորաբար սա նշանակում է պետական մարմինների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների հրապարակում, հարցումներին ընթացք տալու համար պատասխանատու պաշտոնյայի նշանակում, այդ պաշտոնյաների վերապատրաստում, նրանց աշխատանքի բարելավմանն ուղղված ղեկավարում և այլն:

Այս մարմինների հետ կապված կան նաև շատ այլ հարցեր. դրանցից առավել կարևորներից են հետևյալ երկուսը. առաջին՝ արդյոք այն պետք է լինի մասնագիտացված մարմին (այսինքն՝ ՏԱ գծով), թե բազմանպատակ կառույց (Օմբուցմեն կամ մարդու իրավունքների հանձնաժողով, որն ունի նաև ՏԱ գործառույթներ): Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ առաջինը շատ ավելի արդյունավետ է, չնայած որ ավելի թանկ է: Երբ տեղեկատվության հարցերն ավելանում են արդեն իսկ գոյություն ունեցող մարմնի գործառույթներին, սովորաբար ՏԱ մասը դիտարկվում է որպես երկրորդական՝ նախկինում առկա գործառույթների համեմատ: Բացի այդ, Օմբուցմենի կամ մարդու իրավունքների հանձնաժողովի ինստիտուցիոնալ մշակույթն ու մոտեցումները սովորաբար տարբեր են ՏԱ հարցերով հանձնաժողովից, այնպես որ այս երկուսը միաձուլելը հեշտ չէ:

Երկրորդ, հարց է ծագում՝ արդյոք խոսքը գնում է մեկ մարդու մասին (հանձնակատար), թե՞ մի քանի մարդկանց մասին (հանձնաժողով): Այս հարցում չկա արագ ու միանշանակ կանոն: Շատ դեպքերում առավել զարգացած երկրներում, ինչպես նաև շատ փոքր երկրներում (հատկապես փոքր կղզի պետություններում) նախապատվությունը տրվում է մեկ անձից բաղկացած մարմիններին, մինչդեռ աշխարհով մեկ առավել տարածված մոդելը բազմանդամ կառույցի մոդելն է: Վերջինս հնարավորություն է տալիս, որ կառույցը լինի առավել ներկայացուցչական, ընդգրկի տարբեր փորձագիտական ուղղություններ (օր.՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, օրենսդրություն, տեղեկատվության կառավարում և այլն) և առավել պաշտպանված լինի քաղաքական արձագանքներից, քանի որ խմբերը կարող են ավելի լավ դիմակայել ճնշմանը, քան անհատները:

Հայաստանում 2003 թ. ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքը հարցումների հեղինակներին հնարավորություն է տալիս տեղեկատվության մերժման դեպքերը բողոքարկել՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին: Սա հենց այն դեպքն է, երբ մերժումը բողոքարկվում է՝ դիմելով ոչ մասնագիտացված մարմին՝ ի տարբերություն ՏԱ գծով մասնագիտացված մարմնի: Այս մարմինը շատ առումներով հարմարեցված չէ ՏԱ ոլորտին, մասնավորապես այն չունի տեղեկատվության ազատությանն առնչվող խնդրի լուծման համար անհրաժեշտ հստակ իրավասություն, նրա որոշումները պարտադիր ուժ չունեն և բողոքարկման դեպքում պետական մարմինները Պաշտպանի առաջ ապացույցի բեռ չեն կրում: Ուստի արժե վերանայել՝ արդյոք սա Հայաստանի համար լավագույն մոտեցումն է:

Skip to content