Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2015 թ.-ի մայիսի 22-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների եւ լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ:
ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 2015 թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության այն գործողությունները կամ անգործությունը, որով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի տրվել ԻԱԿ-ի կողմից հարցմամբ խնդրվող տեղեկատվության վերաբերյալ, ինչպես նաեւ պարտավորեցնել ՃՈ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015 թվականի մայիսի 22-ի գրավոր հարցմամբ փնտրվող տեղեկատվությունը:
Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայցով դիմել էր դատարան, ՃՈ-ն տրամադրել էր 2015 թ.-ի մայիսի 22-ի հարցման պատասխանը, ուստի, ԻԱԿ-ը հրաժարվեց ՃՈ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասին հայցապահանջից:
Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին: Հաջորդ նիստը տեղի ունեցավ 2015 թ.-ի հոկտեմբերի 12-ին, որով դատարանը ավարտեց դատաքննության նախապատրաստության փուլը եւ նշանակեց դատաքննություն: 2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ ճանապարհային ոստիկանության անգործությունը:
Դատական գործի արդյունքում ԻԱԿ-ը եւս մի հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան՝ ՃՈ ոչ իրավաչափ անգործության հետեւանքով պատճառված վնասների հատուցման համար: 2017 թվականի նոյեմբերի 24-ին կայացված որոշմամբ դատարանը պարտավորեցրեց ՃՈ-ին փոխհատուցել ԻԱԿ-ի կրած ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով:
ԻԱԿ-ի` 2015թ.-ի հունիսի 26-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի՝ 2015թ.-ի դեկտեմբերի 22-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: