Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մասնագիտական կարծիք. պահանջում ենք գծրագրից ամբողջությամբ հանել 8.2 գործողությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի 8.2 գործողությամբ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում:

Որպես ելակետային տվյալ՝ նշվում է, որ «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների դրույթները չեն վերլուծվել անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, ինչպես նաեւ նշվում է, որ ԶԼՄ-ների կամ լրագրողների կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի խախտման, խտրականության, երեխայի կամ բռնության ենթարկված անձանց իրավունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելու դեպքերի վիճակագրություն չի վարվում:

Որպես գործողության արդյունք՝ նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» (ԶԼՄ օրենք) և «Տեղեկատվության ազատության մասին» (ՏԱ օրենք) օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի, խտրականության բացառման, երեխայի իրավունքների, բռնության ենթարկված անձանց պաշտպանության համատեքստում, և այդ նախագծերը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

Նշված գործողությունը խնդրահարույց է, հիմնված է իրականությանը չհամապատասխանող ելակետային տվյալների վրա, ներկայացված է այնպիսի հիմնավորումներով ու պնդումներով, որոնք ի սկզբանե պատշաճ չեն, ընդհանրապես հաշվի առնված չեն օրենքների կարգավորման առարկաները, գործողությունների շրջանակը, անգամ տերմինաբանության մակարդակում գործողությունները ձեւակերպված են ոչ պատշաճ, անորակ: Առնվազն.

  • ինչպես ԶԼՄ օրենքով նախատեսված լրագրողական ազատությունը, այնպես է ՏԱ մասին օրենքով նախատեսված՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը եւ այդ ազատության սահմանները (տեղեկատվության ազատության սահմանափակումները), ոչ միայն ուղղակիորեն եւ հստակ սահմանված են նշված օրենքներով (ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս), այլ նաև դարձել են գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանությունների, դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա:
  • ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածը չի նախատեսում այս կամ այն տեղեկության գաղտնիությունը, հետեւաբար, կոնկրետ դեպքում տեղեկությունների՝ որեւէ պատճառով (որեւէ իրավունքի ապահովման անհրաժեշտության դեպքում) գաղտնիք լինելու հանգամանքը պետք է պատշաճ հիմնավորմամբ սահմանվի ոչ թե ՏԱ մասին օրենքով, այլ նման տեղեկություն տնօրինողի ոլորտային օրենքներով (օրինակ, բռնության ենթարկված անձանց մասին տեղեկության մատչելիության հարցերը պետք է կարգավորվեն այդ տեղեկությունները տնօրինող մարմինների օրենսդրություններով, ինչպես արված է բազմաթիվ դեպքերում (տես՝ օրինակ, Փախստականների եւ ապաստանի մասին օրենքի 51- րդ հոդվածի 9-րդ մասը, Դատավարական օրենսգրքերը եւ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը, Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը բժշկական գաղտնիքի մասով, Փաստաբանության մասին օրենքը փասատաբանական գաղտնիքի մասով, Բանկային գաղտնիքի մասին օրենքը, լավ կամ վատ՝ անգամ ՀՀ կառավարության՝ 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման 1-ին հավելվածի 28-րդ կետը՝ կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք լինելու մասով)),
  • ԶԼՄ մասին օրենքի 7-րդ հոդվածը պարունակում է օրենքով սահմանված
    կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունը տարածելու արգելքի եւ նույն տեղեկությունը հանրային շահերի պաշտպանության համար տարածելու թույլատրելիության կանոնը (harm test)` իր բոլոր կոնվենցիոն եւ սահմանադրաիրավական հիմքերով եւ չափանիշներով (տես՝ Կարհուվարան և Իլտալեհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004 թ.), Ֆելդեկն ընդդեմ Սլովակիայի (2001 թ.), Շաբանովը և Տրենն ընդդեմ Ռուսաստանի (2006 թ.), Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979 թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999 թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004 թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976 թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991 թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992 թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործերով ՄԻԵԴ-ի վճիռները, Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը եւ այլն):
  • Անգամ օգտագործված տերմինաբանությունը պատշաճ չէ. նշվում է «անձնական և ընտանեկան կյանք»-ի մասին, այնինչ պետք է խոսք գնա անձնական կամ մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության կամ գաղտնիության մասին (Սահմանադրության 34-րդ հոդված, ՏԱ մասին օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետ, ԶԼՄ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս, Քրեական օրենսգրքի 204-րդ հոդված):
  • Եվ վերջապես, լրագրողական համայնքը բազմիցս նշել է, որ ԶԼՄ օրենքում և ՏԱ օրենքում հատվածային փոփոխություններն անթույլատրելի են. դրանք խաթարում են օրենքների տարմաբանությունը և լրջագույն խնդիրներ ստեղծում պրակտիկայում։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք գործողությունների ծրագրից ամբողջությամբ հանել 8.2 գործողությունը։

 ԻԱԿ կարծիքը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ

Skip to content