Հրապարակումներ

Հրապարակումներ

Ավագանու նիստը փակելը ԶԼՄ-ների առջեւ լուրջ մարտահրավեր է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավագանու նիստը փակելը ԶԼՄ-ների առջեւ լուրջ մարտահրավեր է

Լրագրողների մուտքը Երեւանի ավագանու նիստերի դահլիճ արգելվեց։ Աժ-ն փոփոխեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։

«Լուրջ սահմանափակումներ: Իրենց իսկ անվանած կարգավորումներ է առաջարկում լրագրողների աշխատանքը ավագանու նիստի լուսաբանման ընթացքում: Ամենամեծ վտանգն է, որը չի համատեղվում ժողովրդավարության հետ»,- «Ա1+»-ին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը փաստում է՝ առաջին ընթերցման ժամանակ օրինագիծը ընդամենը 3-4 տողից էր բաղկացած, որտեղ լրագրողների աշխատանքի մասին ընդհանրապես խոսք չկար, իսկ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բերվել է մեկ այլ նախագիծ, որն ուրիշ բովանդակություն ունի։ Նախագծի վերաբերյալ հանրային որեւէ քննարկում, լսում չի անցկացվել: Լրագրողական կազմակերպություններն էլ կարծիք հայտնելու հնարավորություն չեն ունեցել:

Ավագանու նիստերը առանց լրագրողների անցկացնելու մասին խոսվեց փետրվարի 13-ին տեղի ունեցած ավագանու նիստի միջադեպից հետո, երբ «Երկիր Ծիրան»-ի խմբակցության անդամները Նուբարաշենի բաց կոյուղատարից ջուր էին բերել: Տեսախցիկների առաջ ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամներին:

«Անհրաժեշտության մասին խոսվեց այդ ժամանակ, բայց գործընթացը դրանից ավելի վաղ էր սկսել, երբ նախաձեռնվեց եւ լուծվեց կառավարության նիստը փակելու խնդիրը: Սա լուրջ մարտահրավեր է այն բոլոր ձեռքբերումներին, որոնք ունեցել ենք նախորդ 10 տարիների ընթացքում»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախագիծը ճշգրտորեն կրկնելու է ԱԺ-ի մոդելը եւ ուղիղ հեռարձակում է լինելու: Սակայն ԱԺ-ի եւ քաղաքապետարանի միջեւ էական տարբերություն կա: ԱԺ-ում լրագրողները ապակիների հետեւից տեսնում են, թե ինչ է կատարվում նիստերի դահլիճում: Իսկ քաղաքապետարանում այլ իրավիճակ է լինելու՝ լրագրողներին տրամադրվող սենյակը լինելու է առաջին հարկում, իսկ ավագանու նիստը ընթանալու է 5-րդ հարկում:

Օրինագծի հեղինակներին Շուշան Դոյդոյանը հիշեցնում է, որ լրագրողները իրենց անձնական շահերի կամ նպատակների համար չեն լուսաբանում ավագանու նիստերը.«Նրանք այնտեղ են որպես հանրության աչքեր կամ ականջներ, տեսնում են, լսում են, արձանագրում են եւ դա փոխանցում են հանրությանը»:

Իսկ ուղիղ հեռարձակումը միշտ էլ տարբեր պատրվակով հնարավոր է ընդհատել՝ հանրությանն անտեղյակ թողնելով, թե ինչ տեղի ունեցավ ներսում. «Ցանկացած բան, որը տեղի կունենա եւ չեն ուզենա, որ հանրությունը եւ լրագրողները իմանան, դուք այդպես էլ չեք տեսնի եւ չեք իմանա»,- եզրափակում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը:

Աղբյուրը՝ Ա1 պլյուս

Skip to content