Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Կովկասյան ինստիտուտ հասարակական կազմակերպությունները իրականացրել են Երևանի 2013թ.–ի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն, որի արդյունքում հանգել են եզրակացության, որ առցանց լրատվամիջոցները քարոզարշավը ներկայացնում են նույնանման և առանց ուշագրավ առանձնահատկությունների գրանցման:
Արդյունքների ներկայացման առթիվ այսօր կայացած ասուլիսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ հետազոտության հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում առցանց լրատվամիջոցները ավագանու ընտրություններում ընտրողների որոշման վրա:
Փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց (tert.am, slaq.am, news.am, 1in.am, asekose.am), որոնցում տեղ գտած հրապարակումները ներառվել են ներկայացվող մոնիտորինգում: Միջանկյալ հաշվետվությունն ընդգրկել է 2013թ.–ի ապրիլի 7- 27-ն ընկած ժամանակահատվածը:
Հետազոտության համաձայն` բոլոր հինգ ԶԼՄ-ներն այս կամ այն կերպ քննադատում են իշխանություններին, ընտրակաշառքների և ընտրողների վրա իրականացվող ճնշումների մասին հստակ տեղեկություններ, փաստեր ԶԼՄ-ները չեն հրապարակում, այսինքն` լրագրողները ծախսում են նվազագույն ժամանակ և ջանքեր: Ընդդիմության հասցեին արվող քննադատությունը սահմանափակ է:
Փորձագիտական խմբի անդամ Նինա Իսկանդարյանը նշեց, որ ուսումնասիրության մեջ ներառված բոլոր հինգ կայքերում ավագանու ընտրությունների վերաբերյալ լուսաբանումները եղել են միմյանց շատ նման, և նյութերի իրականացման համար որպես տեղեկատվության աղբյուր են հանդիսացել մամուլի ասուլիսները կամ քարոզարշավի շրջանակում իրականացված միջոցառումները:
Ըստ արդյունքների՝ չորս կուսակցությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը» և «Բարգավաճ Հայաստանը», իրենց ներկայացնում են կամ ԶԼՄ-ներ կողմից լուսաբանվում են որպես ընդդիմադիր: Այս չորսից «Բարգավաճ Հայաստանը» բացահայտ չի ընդունում, որ ընդդիմություն է, սակայն կոշտ քննադատություն է հնչեցնում իշխանության հասցեին, և ի տարբերությունն մյուսների, չի քննադատում այլ ընդդիմադիր կուսակցություններին` այս իմաստով իրեն դրսևորելով որպես ընդդիմության պոտենցիալ առաջնորդ:
Փորձագետների խոսքով՝ գագաթնակետին է հասել գաղափարական քաղաքականության ճգնաժամը: ՀՅԴ-ն ևս առաջին անգամ հրաժարվել է գաղափարախոսական քարոզարշավից: Քարոզարշավի ընթացքում ավելացել է տարբեր ուժերի կողմից ընտրական տեխնոլոգիաների օգտագործումը, այդ թվում՝ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից բացահայտ ցածր մակարդակի պոպուլիզմ: Քաղաքի և երկրի կոնկրետ խնդիրները լուսաբանվում են չնչին, հիմնական թեմաներն են «ընտրությունները» և «ներքին քաղաքականությունը»:
Փորձագիտական խմբի անդամ Տաթև Սարգսյանը նշեց, որ իշխող կուսակցությունն անում է ամեն ինչ ընտրությունների «ոչ քաղաքական» բնույթն ապացուցելու համար, մինչդեռ չորս ընդդիմադիր կուսակցություններն անում են հակառակը։
Աղբյուրը՝ Tert.am