Հրապարակումներ

Հրապարակումներ

Հերթական պատժամիջոցը լրատվամիջոցների դեմ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հերթական պատժամիջոցը լրատվամիջոցների դեմ

Մեկ տարի առաջ ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդը մի սեղանի շուրջ հավաքել էր շահագրգիռ կողմերի` քննարկելու վիրավորանքի և զրպարտության հետ կապված դատական նախադեպերը, Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը։ Քննարկումների շրջանակներում դեմ առ դեմ հանդիպեցին զրպարտության և վիրավորանքների դատական գործերի հետևանքներով տուժած լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այդ գործերով ներգրավված փաստաբաններ։ Հիմնական բանախոսները Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամներն էին` ԻԱԿ նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արայիկ Ղազարյանը և այլոք։ «ՉԻ»-ն, որը ևս մասնակցում էր քննարկումներին, փորձեց մասնակից փաստաբաններից տեղեկանալ, թե Վճռաբեկ դատարանի ապրիլի 29-ին կայացրած որոշումը, որն իբր թե միտում ունի հստակություն ու պարզեցում մտցնել լրատվամիջոցների գործունեության մեջ, ի՞նչ հետևանքներ կարող է թողնել նույն լրատվամիջոցների գործունեության վրա։

Իրավաբան-փորձագետ Արայիկ Ղազարյանի կարծիքով Վճռաբեկ դատարանը փորձել է կանոնակարգել դաշտը, սակայն այդ որոշումը դժվար թե դիմանա ժամանակի քննությանը. «Վճռաբեկ դատարանի այդ որոշումը, ընդհանուր առմամբ, ողջունելի որոշում է` դրական դատական պրակտիկա ապահովելու համար լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքի նկատառումներից ելնելով։ Վճռաբեկը այդ առումով կարևոր եզրահանգումներ է կատարել և կարևոր ուղեցույցներ է մշակել։ Օրինակ,` դատարանները ինչպե՞ս պետք է գնահատեն ասված խոսքը վիրավորանք է, թե՞ ոչ։ Կամ ինչպես պետք է տարբերակել տվյալ խոսքը զրպարտող բնույթի է, թե ոչ։ Այդ որոշմամբ մեկնաբանվել է, թե հրապարակային արտահայտությունը ի՞նչ է նշանակում։ Մեկնաբանել է վաղեմության դրույթները։ Հստակություն և պարզություն է մտցվել դատական պրակտիկայի մեջ։ Բայց այդ բոլորով հանդերձ կա մի կետ, որը մտահոգող է։ Վճռաբեկը փորձելով կանոնակարգել դաշտը, փորձել է սահմանել, թե ի՞նչ է նշանակում պատշաճ կամ ոչ պատշաճ լրատվական աղբյուր։ Իրավաբանական տեսանկյունից սա միգուցե ողջունելի որոշում է, որովհետև ցանկացած գործառույթ, որը կանոնակարգվում է իրավաբանորեն և իրավական որոշակիություններ է սահմանում, կարելի է դրական համարել։ Բայց բուն լրագրողական տեսանկյունից սա շատ սխալ մոտեցում է։ Լրագրողները չեն կարող տեղավորվել նման շրջանակներում։ Ես վստահ չեմ, որ նման մոտեցումը կդիմանա ժամանակի քննությանը։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը հավելեց, որ Վճռաբեկի վերոնշյալ որոշումը կարելի է համարել դրական երևույթ, եթե ապահովվեն կիրարկման ճիշտ մեթոդներ։

«Ըստ էության, օրենքով ամրագրվեց հետևյալը` յուրաքանչյուր անձ, ով դիմում է դատարան` քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածով, տվյալ դեպքում պարտականություն է կրում ապացուցելու, որ հրապարակումը, որը տեղ է գտել կայքէջում կամ լրատվական գործակալության մամուլի հրապարակման մեջ, և եթե կա դիտավորություն կոնկրետ անձի պատիվն ու արժանապատվությունը, նաև գործարար համբավը արատավորելու մասով։ Վճռաբեկ դատարանը նաև մանրամասն անդրադարձ է կատարել, թե ինչ ապացուցման բեռ պետք է կրեն կողմերը։ Իրավունքի ընդհանուր դրույթներ է մեկնաբանել, նաև հղում է կատարել Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների։ Այդուհանդերձ այդ որոշման մեջ կա որոշակի հակասություն, քանի որ նույն Վճռաբեկը իր որոշման մեջ երկու միլիոն, կամ մեկ միլիոն պահանջը դիտարկում է որպես նյութական պահանջ և անմիջապես էլ արտահայտում է դիրքորոշում` թե այդ գումարային պահանջը ոչ գույքային պահանջ է։ Այս դեպքում առկա է երկիմաստություն։ Այսինքն հստակ չէ, ի վերջո դա գույքային պահա՞նջ է, թե՞ ոչ։ Երկրորդ, իմ համար անընդունելի է նաև այն հանգամանքը, որ այդ որոշման մեջ տեղ է գտել մի դրույթ, որի համաձայն լրատվամիջոցը տեղեկատվական աղբյուրի բացահայտումը պետք է կատարի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ։ Իմ կարծիքով, ինչքան էլ ասեն, որ այդ դրույթը բխում է իրավական նորմից` 1087 պրիմ հոդվածից, ես գտնում եմ, որ դա չի կարող իրավաչափ լինել»։

Փաստաբան Ավետիք Պապինյանն էլ նշեց. «Պետք է փաստենք, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը մի քանի քայլ առաջ է այն իրավիճակից, երբ դեռ այս որոշումը չկար։ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքները օրգանիկ համակարգ է և ժամանակին համահունչ ու ներդաշնակ քայլ։ Ես համամիտ եմ իմ կոլեգաների հետ, որ ժամանակի փորձությանը չդիմանալու հետ համատեղ այս որոշումը ավելի կլրացվի, նոր դիրքորոշումներ կհայտնվեն։ Ավելի կհստակեցվի և անշուշտ կապահովի այնքան անհրաժեշտ խոսքի ազատությունը հասարակությունում և անձի անքակտելի իրավունքը` պատիվն ու արժանապատվությունը»։

Հ.Գ. Վերջերս, գրեթե բոլոր լծակներով փորձ է արվում սահմանափակել լրագրողների աշխատանքը, իսկ Վճռաբեկ դատարանի ընդունած տխրահռչակ որոշումը մեղմ ասած այդ սահմանափակումների մեջ հերթական պատժամիջոցն է։ Վճռաբեկ դատարանը տեղեկատվական աղբյուրը բացահայտելու անհեթեթ դրույթով նպատակ է հետապնդել «չորացնել» լրատվամիջոցի տեղեկատվական աղբյուրը և փակել ինֆորմացիոն բոլոր հոսքերը։ Հետաքրքի՞ր է, իսկ եթե իրոք այդ որոշման պատճառով տեղեկատվական դեֆիցիտ առաջանա, ու լրատվամիջոցները սկսեն համապատասխան որակումներ տալ Վճռաբեկին, այդ դեպքում վերջինս ինչպե՞ս է հստակեցնելու` այդ որակումները իր հանդեպ վիրավորանք են եղել, թե՞ զրպարտություն։

Աղբյուրը՝ Չորրորդ ինքնիշխանություն 

Skip to content