Հրապարակումներ

Հրապարակումներ

ԶԼՄ-ները սնանկացան` պատիվ պահանջող չկա, վճռաբեկը որոշեց…` լուր տվող չկա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԶԼՄ-ները սնանկացան` պատիվ պահանջող չկա, վճռաբեկը որոշեց…` լուր տվող չկա

Լրատվամիջոցներին նեղելը, ազատ խոսքը սահմանափակելը էլ ո՞նց է լինում, եթե ոչ այսպես. զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հոդվածի ապաքրեականացումից հետո, երբ փոխհատուցման չափ սահմանվեց համապատասխանաբար 2 մլն և 1 մլն դրամը, հատկապես ճանաչված մարդիկ սկսեցին ավելի ուշադիր փնտրել իրենց անունը թերթերում և կայքերում:

Շատերը գտան, իսկ որոշները իրենց անունը ներառող հոդվածի մեջ տեսան նաև այլ «ծանոթ» բառեր ու… վիրավորվեցին, որովհետև մեկը «պոզիտիվ» բառը «պոզայի» հետ էր շփոթել, մյուսը շփոթմունքից ազգային արժեքը նույնացրել էր իր հետ, երրորդը ընթերցողի մեկնաբանության համար էր լրատվամիջոցին հրավիրել դատարան: Եվ գրեթե բոլոր դեպքերում դրամական առավելագույն փոխհատուցում էին ուզում: Ու թեև որոշ դեպքերում հաջողվեց պատասխանողներին` առանց գումարային փոխհատուցման հաշտվել կամ համեմատաբար հաջող վճիռներով, քիչ փոխհատուցումներով գլուխն ազատել, բայց եղան վճիռներ, որոնք գումարային բավարարումներով ուղղակի սնանկացման եզրին հասցրեցին լրատվամիջոցին` սահմանափակելով նաև ազատ խոսքի իրավունքը: Դրանցից մեկը Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի վեճի վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն էր, որին դեռ կանդրադառնանք, և որը լուրջ մտահոգություն է առաջացրել լրատվամիջոցների, փաստաբանների, Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) անդամների մոտ: ՏՎԽ-ն այս և ԶԼՄ-ների իրավունքներին և պարտականություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ երկօրյա հետաքրքիր քննարկում էր կազմակերպել փաստաբանների, լրագրողների և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցչի մասնակցությամբ: Օրինակ` ո՞վ է պատասխանատու հոդվածի տակ գրված ընթերցողի մեկնաբանության համար, սոցիալական ցանցերի օգտատերերի արած արտահայտությունները մեջբերելու համար, որքանո՞վ է ճիշտ հոդվածը հրապարակելիս բացահայտել տեղեկություն տվողի կոնկրետ անունը, ինչի՞ կարող է դա հանգեցնել, և ինչպե՞ս կարող է ՏՎԽ-ն նպաստել լրատվական դաշտի ինքնակարգավորմանը, որպեսզի գործը չհասնի դատարան և կողմերն ավելորդ ռեսուրսներ, ֆինանսներ ու նյարդեր չվատնեն դատական պրոցեսների վրա:

ՏՎԽ-ն այդ խնդիրն այսպես է փորձում լուծել. կողմերից մեկը` «վիրավորվածը» կամ ԶԼՄ-ն դիմում է ՏՎԽ-ին և խնդրում եզրակացություն տալ և նշել` խնդրո առարկա հոդվածում կա՞ զրպարտություն կամ վիրավորանք, թե՞ ոչ: ՏՎԽ-ն էլ դիմումի համաձայն կամ իր նախաձեռնությամբ տալիս է եզրակացություն, որը միաժամանակ ուղարկում է բոլոր ԶԼՄ-ներին, հասարակական ու միջազգային կազմակերպություններին, կողմերին ու նաև դատարաններին: Հատկապես վերջին հանգամանքը ընդվզում առաջացրեց քննարկմանը մասնակցող լրագրողների և վճռաբեկ դատարանի ներկայացուցչի մոտ, քանի որ դա կարող է ուղղորդող դեր խաղալ և ազդել դատական ակտերի վրա, ինչից կարող են տուժել լրատվամիջոցները կամ արդարադատությունը, քանի որ որոշ դեպքերում նաև համաձայն չեն կամ կարող են համաձայն չլինել ՏՎԽ-ի եզրակացության հետ: Առաջարկ եղավ` դրանք նախապես, մինչ հրապարակելը ուղարկել կողմերին, որպեսզի տհաճ անակնկալ չլինի նրանց համար, առաջարկվեց նաև չուղարկել դատարաններ` ԶԼՄ-ների` առանց այն էլ վճռաբեկի որոշմամբ սահմանափակված իրավունքը էլ ավելի չսահմանափակելու, դատարանի վրա չազդելու համար, քանի որ եզրակացությունը կարող է սուբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ տարրեր պարունակել: Այդ դեպքում ՏՎԽ-ն ինչպե՞ս պետք է կարգավորի խնդիրը: Այդ հարցի կապակցությամբ Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը «Ժամանակի» հետ զրույցում նշեց. «Ստեղծման օրից կա այդ կասկածը խորհրդի` մեր գործունեության հանդեպ, ինչպես նաև այդ ընդվզումները: Չէ՞ որ հնչում են նաև նմանատիպ կարծիքներ` դուք ո՞վ եք, որ այս գործերի մասին կարծիք եք հայտնում: Իրականում այստեղ հավաքված է հինգ անձ, հինգ մասնագետներ, փորձագետներ, որոնք իրենց կարծիքն են հայտնում տեղեկատվական վեճի վերաբերյալ: Իհարկե խորհուրդը իր մասնագիտական կազմով, որոշումների բարձր մակարդակով պետք է արժանանա բոլոր կողմերի վստահությանը` հանդես գալով խիստ անկողմնակալ դիրքում, որովհետև եթե մեկ որոշմամբ ինքը հանդես գա հանկարծ այս կամ այն կողմի շահերը պաշտպանելու տեսանկյունից, վերջ` ամբողջ հեղինակությունը ջուրն է ընկնելու մեկ օրում: Այսինքն` մեր հիմնական կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ապահովել և պահպանել մեր անկախությունը` ֆինանսական անկախություն, որոշումների անկախություն: Իհարկե, դա բավականին դժվար է, բայց մինչ օրս` արդեն մեկ տարի գործում է խորհուրդը, մենք մեր բոլոր որոշումներում որևէ տեսակի շահեր, որևէ կողմի տեսանկյուն չենք փորձել պաշտպանել»:

Մեկ տարվա ընթացքում ՏՎԽ-ն ԶԼՄ-ների հետ կապված 44 դատական գործերից 10-ի վերաբերյալ է եզրակացություն հրապարակել, 7-ը` իր նախաձեռնությամբ, իսկ 3-ը կողմերի դիմումների համաձայն: Ովքեր են դիմել ՏՎԽ-ին: «Մեկը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն էր դիմողը` հայցվոր կողմն էր դիմել, մյուս դեպքերում` լրատվամիջոցներն էին դիմել. մեկը` «Ժողովուրդ», մյուսը` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը` որպես պատասխանողներ, և խնդրել էին ուղղակի եզրակացություն` իրենց վեճի առնչությամբ, որը որպես փաստաթուղթ պետք է ներկայացնեին նաև դատարան: Եվ այդ բոլոր գործերով մենք տվել ենք եզրակացություն և ներկայացրել դատարան: Թե որքանով են դրանք իրենց ազդեցությունն ունեցել դատական վերջնական ակտի կայացման գործընթացում, մենք չենք կարող ասել, բայց դրանք ներկայացվել են դատական նիստի ընթացքում… Այսօր լուրջ քննարկման և քննադատության խնդիր հանդիսացավ, թե ինչու ենք մենք եզրակացությունն ուղարկում դատարան, որովհետև դա կարող է դիտվել ինչ-որ առումով ճնշում արդարադատության վրա, ուղղորդում, բայց ես համոզված եմ, որ այսպես, թե այնպես մեր եզրակացությունները հրապարակվում են, դառնում լայն քննարկման առարկա և դատարան դա էսպես, թե էնպես հասնում էª կամ կողմերի միջոցով, կամ մամուլի հրապարակումների միջոցով: Ավելի լավ չի՞, որ այդ տեղեկատվությունը դատարանը ստանա հենց առաջին ձեռքից… Բայց միևնույն է` դա քննարկման հարց է, գուցեև իսկապես կա այդ վտանգը ուղղորդելու` որոշակի ոչ ցանկալի ազդեցություն գործելու առումով, էնպես որ կարելի է գուցե նաև վերանայել»,- նշեց Շուշան Դոյդոյանը և հավելեց, որ կողմերն օգտագործում են եզրակացությունը` ինչպես իրենց է հարմար: Իսկ այն հարցին, թե դիմողները գոհ են ՏՎԽ-ի գնահատականից, քանի որ կողմերից մեկը կամ գուցե երկուսը սովորաբար դժգոհ են լինում, զրուցակիցս այսպես պատասխանեց. «Չէ, արձագանք որպես այդպիսին չեղավ: Քիչ առաջ Գոհարը նշեց «Չորրորդ ինքնիշխանությունից»… Նրանք այն հատվածը, որն իրենց օգտին էր, հրապարակեցին, որը որոշակի քննադատություն էր` կոչ էինք անում` էթիկային ավելի շատ ուշադրություն դարձնել, այդ հատվածը դուրս էին թողել: Այսինքն` թերթն ինքն է որոշում` այդ եզրակացությունն ինչպես օգտագործի: Մեր խնդիրը հարցին համակողմանի գնահատական տալն է. թե կողմերն ինչպես կօգտագործեն, դատարանն ընդհանրապես կօգտագործի, թե չի օգտագործի` դա լրիվ թողնում ենք իրենց…»:

ՏՎԽ-ն իր նախաձեռնությամբ նաև եզրակացություն էր տվել Թաթուլ Մանասերյանի և «Ժամանակի» վեճով կայացված Վճռաբեկի որոշման առնչությամբ և թեև այն ընդհանուր առմամբ գնահատել էր «իրավակարգավորման առաջադեմ եղանակներ առաջադրող», այդուհանդերձ նաև շատ կարևոր մտահոգություն էր հայտնել. «Խորհուրդը միևնույն ժամանակ մտահոգված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ և 9-րդ մասերում ներառված «տեղեկատվության աղբյուր» հասկացությունը մեկնաբանելիս դատարանի կողմից արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներով: Կարծում ենք, որ այդ դիրքորոշումները, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթները և հատուկ կարգավիճակը, կարող են բացասաբար անդրադառնալ լրագրող-լրագրողական աղբյուր հարաբերությունների վրա, որի արդյունքում կվտանգվի լրատվամիջոցների ազատությունը իրենց աղբյուրներից օգտվելիս, հետևաբար նաև լրատվամիջոցների կողմից տեղեկատվության ազատ տարածման իրավունքը: Նշված դրույթներում դատարանը սահմանել է, որ տեղեկատվության աղբյուրներ են ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող այնպիսի «հեղինակներ» կամ «լրատվական գործակալություններ» «որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվություն»: Այնուհետև մեկնաբանելով «միջոցներ» հասկացությունը` դատարանը սահմանել է, որ այդպիսիք են «անձի հրապարակային ելույթները», «պաշտոնական փաստաթղթերը»… Դատարանը նշել է, որ նույնիսկ եթե տեղեկատվություն տարածողը վերարտադրել է աղբյուրից ստացված տեղեկությունը բառացիորեն կամ բարեխիղճ կերպով, վերջինս չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե «հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում տեղեկատվության աղբյուր® 1087.1 հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն»…

Այսպիսով, նշված մեկնաբանությունները չափազանց նեղացնում են «տեղեկատվության աղբյուրի» ընտրությունը, որի վրա լրատվամիջոցը կարող է հիմնվել` պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելով Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ գործի հիմքում ընկած փաստերի վրա, Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ թեև լրատվամիջոցը բացահայտել էր իր աղբյուրը` հեղինակին, ով հանդիսանում էր ոմն Անտոն Առակելովը…, այդուհանդերձ, դատարանը որոշել է, որ վերջինս չէր կարող համարվել տեղեկատվության աղբյուր…, քանի որ «չի հանդիսանում տեղեկատվության տարածման որևէ միջոցի հեղինակ կամ լրատվական գործունեություն իրականացնող»: Այնուհետև, Վճռաբեկ դատարանը ընդհանրացված եզրահանգում է կատարել, որ այնպիսի անձի հրապարակած զրպարտող կամ վիրավորող տեղեկությանը հղում կատարելը, որը չի հանդիսանում տեղեկատվության աղբյուր, չի կարող համարվել տեղեկատվության աղբյուրի բացահայտում:

Խորհուրդը մտահոգված է վերը նշված զարգացումներով, քանի որ դրանց հետևանքով ներմուծվում են պատշաճ և ոչ պատշաճ աղբյուր և դրանից բխող օրինական և ոչ օրինական լրատվական աղբյուր հասկացություններ և սահմանափակվում են այն աղբյուրների շրջանակները, որոնցից կարող են օգտվել լրատվամիջոցները: Նման մոտեցումը նաև հակասում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքի մասին» Թիվ (2000) 7 հանձնարարականին, որի համաձայն տեղեկատվության աղբյուր է հանդիսանում §լրագրողին տեղեկություն տրամադրող ցանկացած անձ»: Նույն Հանձնարարականի բացատրական մասում, որում մեկնաբանվում են Հանձնարարականի բոլոր սկզբունքները, վերը նշված սկզբունքը մեկնաբանելիս նշվում է, որ լրագրողներին պետք է հնարավորություն տրվի ստանալ տեղեկություններ «բոլոր տեսակի աղբյուրներից» և այդ պատճառով «անհրաժեշտ է այդ տերմինը լայն մեկնաբանել» ազգային օրենսդրությունում կամ պրակտիկայում: Առաջնորդվելով վերը նշվածով` Խորհուրդն անհրաժեշտ է գտնում համապատասխան նախադեպային դիրքորոշումների վերամշակումը»:

Աղբյուրը՝ 1in.am

Skip to content