Տեղեկատվության ազատության դերը ամենակարևորն է, այն լրատվամիջոցները, ովքեր հարգում են այս սկզբունքը, իսկապես ազատ են, այսօր մամուլի ազատության օրվա առթիվ ասաց «Ինֆորմացիայի ազատության» կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը:
Այսօրը սովորաբար աշխարհի տարբեր լրատվամիջոցներ հրապարակում են իրենց երկրում մամուլի ազատության վերաբերյալ տեղեկատվություն: «ինֆորմացիայի ազատության» կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանի հավաստմամբ, մեր երկրում 2006 թ-ի համեմատ մամուլի ազատության հետ կապված իրավիճակը շատ է փոխվել:
2011 թ.-ի ընթացքում կենտրոնը հարցումներ է ուղարկել պետական բոլոր գերատեսչություններին: «Ամենաօպերատիվը պատասխանել է առողջապահության նախարարությունը, անցյալ տարի նա մեր սև ցուցակում էր, ինչպես նաև կրթության գիտության նախարարությունը և տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ ամենաբացասականը մարզերի քաղաքապետարաններն են, որոնցից ամենավատն աշխատում են Գյումրին և Սիսիանը: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի նվազել են լուռ մերժումները, ինչպես նաև այժմ էլ գրեթե ոչ մի գերատեսչություն հինգօրյա ժամկետում չի պատասխանում»,-ասաց փորձագետը:
Լիանա Դոյդոյանի խոսքով, թերի պատասխաններ ևս առկա են, օրինակ Երևանի քաղաքապետարանը շատ հարցերի անորոշ կերպով է պատասխանում, իսկ որոշ հարցերի թերի պատասխան է տալիս: Թեև օրենքը սահմանում է վարչական պատասխանատվություն այն պաշտոնյաներին, որոնք չեն պատասխանում հարցումներին, սակայն մինչ օրս իրենց կենտրոնը միայն մեկ դեպք է գրանցել, որով տուգանվել է գերատեսչությունը` հարցումներին չպատասխանելու համար: Լ. Դոյդոյանի կարծիքով, մեղավորությունը նաև օրենքի բացթողումներն են: «Հուսանք, նոր խորհրադարանում այս խնդիրը ևս կբարձրացվի և կստանա իր լուծումը»,-ասաց նա: Նրա հավաստմամբ, փորձը ցույց է տալիս, որ բանավոր հարցումները մնում են անպատասխան: «Այս առումով բողոքարկման մեխանիզմները ևս վատ են գործում, և շատ քիչ են դեպքերը, երբ լրագրողներն իրենք են դիմում դատարաններ` տեղեկատվություն չստանալու համար, հիմնականում ՀԿ-ները և անկախ լրագրողներն են դիմում»,-ասաց նա:
Աղբյուրը՝ armtown.com