ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրեց քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին, նշենք միայն, որ քաղաքապետը հաշվետվությունը ներկայացնելիս մի տեսակ զարմացած էր:
Նախ ամեն տողը կարդալիս մանրամասն իր մտքերով կիսվում էր դահլիճում ներկաների հետ` տպավորություն թողնելով, որ Գագիկ Թամազյանը ներկայացնում է այլ գերատեսչության հաշվետվությունը եւ կարդալու պահին է դրան ծանոթանում: Ասենք, երբ հարկերի կամ ոռոգման ջրի մասին էր ներկայացնում, բարձրաձայն ասաց. ՙԱյ ճիշտ է, ես էլ եմ ասածի հետ համաձայն՚:
Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ Աշտարակի քաղաքապետին հաշվետվության տեքստ պատրաստի գրած էին տվել եւ քաղաքապետը անքուն գիշերներ չէր անցկացրել այն գրելու համար: Նորություն չէ նաեւ, որ քաղաքապետը պարտավոր է տիրապետել իր քաղաքին վերաբերով ցանկացած խնդրի, եւ հաշվետվություն ներկայացնելիս Աշտարակի քաղաքապետի զարմացած պահվածքը վկայություւնն է այն բանի, որ նա ոչ միայն չի տիրապետում իր ոլորտի խնդիրներին, այլեւ չգիտի իր պարտականությունները:
“Տեղական ինքնակառավարման սկզբունքներն ամրագրելով, որպես Աշտարակ համայնքի ղեկավար, կարեւորում եմ հրապարակային և թափանցիկ գործելակերպն ու համայնքի ավագանու անդամների և բնակչության առջեւ հաշվետու լինելը:
Հաշվետու ժամանակահատվածն ընդգրկում է 2009 թվականի առաջին կիսամյակը:
Ըստ ընթացիկ և քառամյա ծրագրերի, կազմակերպվել և վերահսկվել է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, պատշաճ ձևով լուծվել են աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող խնդիրները, ընդունվել են որոշումներ, որի արդյունքը քաղաքում իրականացված որոշակի աշխատանքներ են: Այդ մասին մանրամասն հաշվետվություններ են պատրաստել և ներկայացրել բաժինների պետերը: Հաշվետու ժամանակաշրջանում նախապատրաստվել, հրավիրվել եւ անց է կացվել համայնքի ավագանու 4 նիստ: Գործող կարգին համապատասխան, ընդունված որոշումների հրապարակայնությունն ապահովելու համար դրանք փակցվել են տեղեկատվական վահանակներին, մասսայականացվել են, տպագրվել են “Դարձ” թերթում”,-հաշվետվության ժամանակ նշեց Գագիկ Թամազյանը:
Մինչ քաղաքապետն իրեն գովում էր ներկաների մոտ, թե բաց ու թափանցիկ է աշխատում, նույն պահին մեր լուսանկարչական ապարատը արձանագրում էր, թե ինչքան բովանակազուրկ են քաղաքում տեղակայված ցուցատախտակները, որտեղ, ըստ քաղաքապետի, իբր որոշումներ են փակցված:
Իրականում ոչ մի որոշում ցուցանակներին փակցված չէր, ավելին, քաղաքապետը ամեն ինչ անում է, որպեսզի համայնքապետի եւ ավագանու կայացրած որոշումները քաղաքացիների ձեռքը չընկնեն: Աշտարակի տեղեկատվական ցուցանակներին փակցված էր քաղաք ժամանող երգիչների գովազդային պաստառները, բնակարան կամ ծառայություններ մատուցելու մասնավոր հայտարարություններ եւ այլն: Այսինքն` ամեն ինչ, բացի քաղաքապետի ու ավագանու որոշումներից ու իրավական ակտերից:
Տեղեկացնենք, որ տեղեկատվական ցուցատախտակները Աշտարակ քաղաքին անվճար տրամադրել է “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հ/կ-ն:
Տրամադրումն ինքնանպատակ չէր:
“Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ տեղեկատվական ցուցատախտակներ է տալիս համայնքներին, որպեսզի համայնքի բնակիչներին վերաբերող եւ համայնքապետարաններում կայացվող որոշումները փակցվեն եւ հասու լինեն քաղաքացիներին:
Տեղեկացնենք նաեւ, որ ԻԱԿ-ը բազմաթիվ համայնքներում է տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրել: Շատ համայնքներում դրանք արդյունավետ օգտագործվում են, ոչ քիչ թվով համայնքներում էլ, այդ թվում` Աշտարակում, ցուցանակները ծառայում են ըստ համայնքապետերի հայեցողության: